15 դեկտեմբերի 2005 - 12:45 AMT
Այսօր Բուդապեշտում տեղի կունենա Ռամիլ Սաֆարովի գործով դատավարության հերթական նիստը
Այսօր Բուդապեշտում տեղի կունենա ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով դատավարության հերթական նիստը, որը մեղադրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ: Այսօրվա նիստի ընթացքում կներկայացվեն Ռամիլ Սաֆարովի երրորդ դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ինչպես օրերս հայտարարել էր Գ.Մարգարյանի սպանության գործով փաստաբան, Փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը, «երրորդ փորձաքննությունը հիմնված է երկու առաջին փորձաքննությունների փաստաթղթերի համադրման վրա»: Ըստ հունգարական օրենքի, դատարանը այլեւս իրավունք չունի նշանակել եւս մեկ փորձաքննություն, իսկ դա նշանակում է, որ դատավարությունը շուտով կավարտվի:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նազելի Վարդանյանը, սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում կայացած նիստի ժամանակ իրենց եզրակացություններն են տվել փորձագետները, որոնք անց են կացրել առաջին եւ երկրորդ դատահոգեբանական փորձաքննությունը: Առաջին փորձաքննության արդյունքում Ռ.Սաֆարովը մեղսունակ էր ճանարվել: Պաշտպանության միջնորդությամբ անց է կացվել երկրորդ փորձաքննությունը, որի արդյունքում Սաֆարովի մոտ հայտնաբերվել էին հետտրավմատիկ սինդրոմի տարրեր: Հոգեբան Յուհաս Քրիստինը, որն առաջին փորաձքննությունն էր անցկացրել, հաստատակամորեն եւ մանրամասն ներկայացրեց իր տեսակետը եւ փորձաքննության արդյունքուները, հայտարարելով, որ այդ վիճակում մարդկանց մոտ ի հայտ է գալիս վախ, եւ ոչ թե ագրեսիա: Նման սինդորմով մարդը չէր դառնա բանակի սպա եւ ոչ մի կերպ չէր գնա սպանության: Ավելին, հետտրավմատիկ սինդրոմը կարող է հայտվել մի մարդու մոտ, որը դարձել է որեւէ ողբերգական իրադարձությունների անմիջական վկան, մասնավորապես, ինչպես պնդում է պաշտպանությունը, «Խոջալուիի դեպքերի» ականատեսը: Սակայն, Սաֆարովը այդ իրադարձությունների ժամանակ եղել է Բաքվում, իսկ այնուհետեւ մեկնել է Թուրքիա: Երկրորդ փորաձքննությունը վարած փորձագետ Իլդիկո Կովաչի իր իրավացիությունը ապացուցելու փորձերը պրոֆեսիոնալ չէին: Ինչպես հայտարարել էր մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, Կովաչը պնդում էր, թե Թուրքիայում Ռ.Սաֆարովը «Քսենեքս» դեղամիջոցն էր ընդունում, որը նախատեսված է հետտրավմատիկ սինդրոմով մարդկանց համար: Սակայն Յու.Քրիստինը ի պատասխան հայտարարել է, որ հենց այդ ժամանակ այդ դեղամիջոցը շրջանառության մեջ չի եղել, իսկ եթե նման դեղամիջոց նույնիսկ եղել է, ապա այն կրել է բոլորովին այլ անվանում: Ըստ Ն.Վարդանյանի, այդ սինդրոմը չի համարվում հոգեկան հիվանդույթուն եւ չի կարող դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանք: Դատարանը որոշել է անցկացնել երրորդ փորձաքննությունը, որը կուսումնասիրի առաջին երկուսի եզրակացությունները եւ նախապատվությունը կտա դրանցից մեկին: Ն.Վարդանյանը նշել է, որ եղել է դրական տեղաշարժ: Նա նաեւ հայտարարել է, որ հաջորդ նիստը, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին, վերջինը կլինի, եւ դատարանը կկայացնի իր որոշումը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: