15 դեկտեմբերի 2005 - 13:15 AMT
ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովին կներկայացվի զեկույց Հայաստանում կայացած հանրաքվեի վերաբերյալ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովը Փարիզում քննարկելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հարցը: «Նիստում ներկայացվելու է Եվրախորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Հայաստանի հարցով զեկուցողը ներկայացնելու է սահմանադրական հանրաքվեի արդյունքների հետ կապված գնահատականները: Մոնիտորինգային հանձնաժողովը փորձելու է նաեւ բարցձացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը», - հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը: Պատգամավորը նշեց, թե Ադրբեջանի հարցում նախաձեռնության հեղինակներն են ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովում Ադրբեջանի հարցով զեկուցողներ Անդրեաս Գրոսն ու Անդրես Հերկելը, ովքեր չափազանց վրդովված են երկրում խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո ստեղծված իրավիճակով: «Դժվար է կանխագուշակել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը: Իմ նախնական գնահատականով, թուրքական եւ ռուսական պատվիրակությունների ներկայացուցիչները դեմ են լինելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը: Ինքը Ադրբեջանը քվեարկելու իրավունք չունի», - ասաց Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադոկայանը: