10 մայիսի 2013 - 12:37 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը. Հ.Սահակյանը բարձրաձայնում է ԸՕ վրա աշխատելու անհրաժեշտության մասին

2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահի ու Երևանի ավագանու ընտրություններն ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համարում է հուսալի, վստահելի և օրինակելի:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, թե պայքարելու են ընտրակեղծիքների դեմ, վերահսկելու են ընտրական գործընթացները, բայց հաշվարկից հետո սկսեցին խոսել կեղծիքներից: «Այդ քաղաքական ուժերը, սակայն, չխոսեցին իրենց թերի աշխատանքի մասին թե քարոզարշավի ընթացքում, թե ընտրությունների օրը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ընդդիմությունն անընդհատ փորձում է համախմբվել, բայց այդպես էլ չի ստացվում:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին և նկատեց, որ դրանում արձանագրվել է, որ անցկացվել են լավ կազմակերպված ընտրություններ:

ՀՀԿ պատգամավորը նշեց, որ զեկույցում մի մտահոգիչ միտք է նկատել`հանրության ոչ այնքան մեծ վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ: Ըստ` Հովհաննես Սահակյանի` բացթողումը բոլորինս է. «Բոլորս պետք է դա ապահովենք` իշխանամետ, ընդդիմադիր ուժերը, նաև լրատվական միջոցները»:

Ըստ Հովհաննես Սահակյանի` առաջիկա տարիներին անհրաժեշտ է վերանայել կամ աշխատել «Ընտրական օրենսգրքի» վրա, որպեսզի այս երեք ընտրությունների ժամանակ եղած խնդիրները վերանան:

Ավելացնենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է 2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Դրանում 27 դիտարկում է ներկայացվում: Զեկույցում նշված է, որ չնայած ընտրությունները Հայաստանում հիմնականում լավ էին կազմակերպված և առանձնանում էին մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, այնուամենայնիվ, կարելի է անել ավելին՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը մեծացնելու համար: Նշվում է նաև, որ պետության ներկայացուցիչները պետք է խուսափեն իրենց վարչական ռեսուրսները չարաշահելուց: