16 դեկտեմբերի 2005 - 14:54 AMT
Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 4 նիստը տեղի կունենա 2006 թվականի գարնանը Երեւանում
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան տիկին Ռինա Պանդեյին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը նշել է, որ բարեկամական Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը գնալով ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում մեր երկրի համար եւ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-հնդկական փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը: Երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացմանը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նպաստել են նաեւ 2003թ. աշնանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Հնդկաստան եւ այս տարվա հոկտեմբերին Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի այցը Հայաստան:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խնդիրներին` կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է երկկողմ առեւտարշրջանառությունը: Այդուհանդերձ, զրուցակիցների համոզմամբ, մեծ է նաեւ չօգտագործված հնարավորությունների ներուժը: Դրա արդյունավետ իրագործման խնդրում Անդրանիկ Մարգարյանը եւ դեսպան Ռինա Պանդեյը կարեւորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի դերը, որի հերթական` 4-րդ նիստը նախատեսվում է գումարել Երեւանում 2006թ. գարնանը: Որպես երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղություններ կողմերը նշել են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր եւ միջին գործարարության, զբոսաշրջության, առողջապահության, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառները: Հանդիպման ժամանակ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված անհատույց օգնության համար` ընդգծելով, որ հանրապետության մի շարք գյուղական համայնքներին հատկացվելիք հնդկական գյուղատնտեսական տեխնիկան (շուրջ 300 տրակտոր) մեծապես կօժանդակի այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպման ավարտին վարչապետը վստահություն է հայտնել, որ տիկին Ռինա Պանդեյի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի նույն հաջողությամբ զարգանալ, հավաստել է այդ գործում դեսպանին հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը եւ հաջողություն է մաղթել նրան` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: