16 դեկտեմբերի 2005 - 15:18 AMT
Ստամբուլում սկսվում է Օրհան Փամուկի դատավարությունը
Այսօր Ստամբուլում սկսվում է աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: 2005 թվականի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել: «Փամուկի դատավարությունը լակմուսի թուղթ է, որ կերեւակի Թուրքիայի հավատարմությունը խոսքի ազատությանը: Թուրքիան պետք է վերանայի ազատորեն իրենց կարծիքն արտահայտած մարդկանց ձերբակալություներն ու դատավարությունները», - հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը եւ ավելացրել. - «Սա ոչ միաjն լրագրողների ու գրողների, այլեւ ընդհանրապես Թուրքիայի խնդիրն է, եւ շատ կարեւոր է, որ Թուրքիան լուծի այդ խնդիրը կարճ ժամանակում»: Թուրքիայում եւ դրա սահմաններից դուրս լայն ճանաչում ստացած գրողը, ով այս տարի ներկայացվել էր Նոբելյան մրցանակի, վերջրս հայտարարել էր, թե «չի հրաժարվում իր դիրքորոշումից եւ պաշտպանում է ասած յուրաքանչյուր բառը»:

«Այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրությունում, միայն հայերի ցավը չէ, եւ յուրաքանչյուր ոք պիտի կարողանա ասել` ինչ մտածում է: Մոտ 1 միլիոն հայերի եւ 30 հազար քրդերի սպանությունը հարցեր են, որոնց մասին մենք, որպես կանոն, Թուրքիայում չենք խոսում: Սակայն, մենք պետք է բաց քննարկման առարկա դարձնենք այն, ինչ կատարվել է հայերի հետ Օսմանյան կայսրությունում», - հայտարարել էր Օրհան Փամուկը: Այս շաբաթ ամերիկյան «Նյու Յորքեր» ամսագրի հարազրույցում Փամուկը հույս էր հատնել, թե այսօր սկսվելիք դատավարությունը ազատազրկմամբ չի ավարտվելու: Նրա լավատեսությունը կիսում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որն անցյալ շաբաթ Ավստրալիայում նշել էր, թե «շատ լավ կլինի, եթե Փամուկը արդարացվի, սակայն ամեն ինչ, բնականաբար, որոշելու է դատարանը»: Իսկ Օլի Ռենը երեկ հայտարարել էր. - «Դեկտեմբերի 16-ին Ստամբուլի դատարանում Թուրքիան, այլ ոչ թե Փամուկն է դատվելու»: