Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանը Հայաստանում մանկական հիվանդանոց կկառուցի

Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանը Հայաստանում մանկական հիվանդանոց կկառուցի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ։ «Ուրախ եմ, որ ներկայացնելով հեղինակավոր ուսումնական հաստատություն և կլինիկա, Հայաստանում եք գտնվում մեզ համար չափազանց կարևոր` մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։ Երեխաների առողջության պահպանումը Հայաստանում թիվ մեկ գերակայություն է, և ՀՀ կառավարությունը նման ծրագրերին մեծ կարևորություն է տալիս»,-ողջունելով իր հյուրերին` ասաց նախարար Դումանյանը։

Ռենատո Լաուրոն ներկայացրեց, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։ 40 հազար ուսանող ունեցող Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանն այս ուղղությամբ արդեն իսկ մեծ փորձառություն ունի։

Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաև այն որ, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ` ճանաչված մասնագետներ են։ Պատվիրակության անդամներն ընդծեցին, որ Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ևս առնչվում են պրոֆեսիոնալիզմի ու բարձր կարողությունների հետ։

Նրանք Դերենիկ Դումանյանին հաղորդեցին, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը նախարարին վստահեցրին, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի և բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։

Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն հայտնեց առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---