13 մայիսի 2013 - 15:52 AMT
Սերժ Սարգսյան. Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան դատապարտված է հաջողության

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան դատապարտված է հաջողության, հայտարարել է իր բելառուս պաշտոնակցի հետ համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մայիսի 13-ին Երևանում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին համագործակցության մասին փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, գյուղատնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում 2013-2014թթ. համագործակցության մասին:

«Մենք ակնկալում ենք, որ ստորագրված պայմանագրերը նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը»,-ասաց ՀՀ նախագահը: Նա նշեց, որ քննարկվել են աշխարհաքաղաքական հարցեր, տնտեսական համագործակցության խնդիրներ, հումանիտար կապերը, հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. հունիսին:

Կողմերը կարևորեցին համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանականերում, մասնավորապես ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան դատապարտված է հաջողության:

Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատշաճ ընտրարշավը դրական արդյունք տվեց: «Մենք պատրաստ ենք առաջիկա 5 տարիներին լինել ձեր կողքին այդ ծրագրերի իրականացման գործում»,-հավելել է նա:

Նա նաև նշեց, որ Բելառուսն ու Հայաստանը արգելված թեմաներ չունեն, համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմաքաղաքական: «Մենք գոհ ենք ձեռք բերված պայմանավորվածություններից: Կա ամուր հիմք և բարեկամական վստահելի հարաբերություններ համագործակցությունը խորացնելու համար»,-ասել է նա: