14 մայիսի 2013 - 12:47 AMT
Գազի սակագինն առաջիկայում կբարձրանա՞

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է գազի սակագների բարձրացման հայտ ներկայացնել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը: Չնայած, որ հանձնաժողովի մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը չի հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, պարբերականը հավաստի տվյալներ ունի, որ առաջիկա ամիսներին նման հայտ ներկայացվելու է:

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին պաշտոնյաները հայտարարում էին, որ գազի սակագների հարցը քննարկման փուլում է Ռուսաստանի հետ:

Գազի սակագնի բարձրացման զսպումը կապված էր ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ 2012թ. մայիսին կայացան խորհրդարանական ընտրությունները, 2013թ. փետրվարին՝ նախագահական, իսկ օրերս՝ նաև Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրություններից հետո հանգիստ շունչ քաշելով՝ իշխանությունը կարող է հանգիստ գնալ գազի սակագների բարձրացման:

Ենթադրվում է, որ Հայաստան ներկրվող գազի 1000 խմ արժեքը կկազմի 247 դոլար, ինչը 67 դոլարով կամ 37 տոկոսվ թանկ է Հայաստան ներկրվող գազի համար հաստատված 180 դոլար սակագնից: