14 մայիսի 2013 - 18:54 AMT
Մեկ ամսվա ընթացքում կընտրվի ավիացիայի ոլորտի լավագույն մոդելը

ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն՝ ավիափոխադրումների շուկայում: Հատուկ այդ նպատակով հրավիրվել է նաև ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուրատ Հիրշֆելդը, ով ևս Հանձնաժողովի մասնագետների հետ ուսումնասիրում է Հայաստանի ավիացիայի ոլորտը: 1 ամսվա ընթացքում ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ՀՀ Կառավարությանը: Ուսումնասիրությունների արդյունքի հիման վրա Հանձնաժողովի մասնագետները կներկայացնեն նաև առաջարկներ՝ ավիացիայի ոլորտի լավագույն մոդելի ընտրության վերաբերյալ:

Ուսումնասիրությունները լայնածավալ են և ընդգրկում են ոլորտն ամբողջությամբ՝ ավիվառելիքի գնային փոփոխություններից մինչև ավիատոմսի ինքնարժեքի ձևավորվում և դաշտում առկա հնարավոր մրցակցային խնդիրներ:

Տեղեկացնենք նաև, որ այս պահին Հայաստանում ավիափոխադրում իրականացնող բոլոր ընկերություններն էլ օտարերկրյա ընկերություններ են, բայց քանի որ նրանք գործունեություն են իրականացնում մեր երկրում, հետևապես պարտավոր են պահպանելու ՀՀ օրենսդրության պահանջները: Սա նշանակում է, որ եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ գան որոշակի մրցակցային խնդիրներ, ապա վերջինները կենթարկվեն պատասխանատվության՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: