14 մայիսի 2013 - 19:36 AMT
ՏՄՊՊՀ. Եթե ավիաընկերություններն անհիմն բարձրացնեն գները, կենթարկվեն պատասխանատվության

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները ավիափոխադրումների շուկայում:

Այսօր հանձնաժողով են հրավիրվել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ուղղություններով չվերթներ իրականացնող մոտ 2 տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ՝ պարզաբանելու, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ավիատոմսերի գների հետ կապված փոփոխությունները, հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովն ուսումնասիրությունները սկսել է մամուլի հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիների դժգոհությունների հիման վրա, համաձայն որոնց վերջին ժամանակահատվածում, հատկապես «Արմավիա» ընկերության կողմից չվերթների դադարեցումից հետո բարձրացել են մի շարք ուղղություններով ավիատոմսերի գները:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դժգոհություն է ստացել ուղևորներից, ովքեր պնդում են, որ Երևան-Դուբայ ուղղությամբ չվերթեր իրականացնող «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության ինքնաթիռի տոմսը գնել են նախկինից անհամեմատ բարձր գնով: Վերոնշյալի հետ կապված «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վաչագան Սարգսյանը նշել է, որ ուղևորների հոսքը խթանելու նպատակով իրենց ընկերությունը իրականացրել է սեզոնային ակցիաներ, ինչի արդյունքում տոմսերը վաճառվել են իրական գնից անհամեմատ ցածր արժեքով: Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ակցիայից հետո «Ֆլայ Դուբայը» ավիատոմսերի գները բարձրացրել է մինչ ակցիան եղած գնային մակարդակին, ինչն էլ տպավորություն է ստեղծել ավիատոմսերի գների բարձրացման վերաբերյալ:

«Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչ Լուկաս Նեգեդլին հավաստիացրել է, որ իրենց ավիաընկերության կողմից իրականացվող չվերթների գները անփոփոխ են, որևէ ուղղությամբ ավիատոմսի գին չի փոփոխվել:

«Ուկրաինական միջազգային ավիաուղիների» ներկայացուցիչ Տիգրան Աչոյանն էլ ասել է, որ վերջին 2-3 տարիներին «Արմավիան» էապես կրճատել է իր չվերթների քանակը եւ շատ ուղղություններով դարձել է անմրցունակ, այդ իսկ պատճառով ավիատոմսերի գների որոշակի փոփոխությունները պայմանավորված են ոչ թե «Արմավիայի» չվերթների դադարեցմամբ, այլ առավելապես՝ սեզոնային գործոնով:

Ընդհանուր առմամբ բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչներն էլ ավիատոմսերի գնագոյացումը բացատրել են առաջին հերթին սեզոնային գործոնով, բացի այդ, նշել, որ նույն չվերթի համար կիրառվող տոմսերի արժեքները կարող են լինել տարբեր՝ կախված ձեռքբերման ժամանակահատվածից, կարգից և այլ գործոններից:

Հատուկ ավիատոմսերի լայնածավալ ուսումնասիրության իրականացման համար ՏՄՊՊՀ-ը հրավիրել է նաև ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուրատ Հիրշֆիլդին, ով Հանձնաժողովի մասնագետների հետ ուսումնասիրում է մեր երկրի ավիացիայի ոլորտը:

Քննարկման ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը ասել է, որ կուսումնասիրվեն ավիաընկերությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացված պատճառաբանությունների հիմնավորված լինելը, որից հետո ՏՄՊՊՀ-ը ավիափոխադրումների վերաբերյալ ամբողջական ուսումնասիրության փաթեթը՝ առաջարկություններով հանդերձ, կներկայացնի ՀՀ կառավարությանը: «Բոլոր, այդ թվում՝ Հայաստան չվերթներ իրականացնող օտարերկրյա ոչ ռեզիդենտ ավիաընկերությունները, պարտավոր են հարգել Հայաստանի օրենքները եւ աշխատել մրցակցության օրենսդրության պահանջներին համապատասխան: Եթե ավիաընկերությունների կողմից գների անհիմն բարձրացումներ լինեն, ապա տվյալ ավիաընկերությունը կենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, օտարերկրյա ավիաընկերություն է, թե՝ ոչ»,-քննարկման ավարտին ասել է ՏՄՊՊՀ նախագահը: