21 դեկտեմբերի 2005 - 14:25 AMT
ԵՄ-ն կարող է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը` կարգավորման ծրագրի մեջ լրացումներ կատարելու միջոցով
Բրյուսելը ոչ մի անմիջական դերակատարություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն մշտապես տեղեկացվում է բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Սակայն ինքն անձամբ չի մասնակցում բանակցային գործընթացին»,-նշել է Ս.Ֆրեյզերը: Սակայն, նրա խոսքերով, Եվրամիությունը կարող է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը կարգավորման ծրագրի մեջ լրացումներ կատարելու միջոցով, որոնք այժմ քննարկվում են Երեւանում եւ Բաքվում: «Հավանաբար, խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի դիմել ԵՄ` խաղաղ գործընթացին աջակցելու խնդրանքով»,-նշել է ՄՃԽ ներկայացուցիչը: Ս.Ֆրեյզերը հիշեցրել է, որ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ ընդհանուր քաղաքականության եւ անվտանգության գծով հանձնակատար Խավյեր Սոլանան հայտարարել էր, թե «եթե Եվրամիությանը խնդրեն աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Բրյուսելը դա կանի»:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, ԵՄ-ն առնվազն կարող է աջակցել հակամարտության կողմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հումանիտար օգնությունը, ենթակառուցվածքների վերականգնումը եւ վերակառուցումը, ինչպես նաեւ տնտեսական զարգացումը: Միեւնույն ժամանակ Եվրամիությունը կարող է ինիցիացիայի ենթարկել հիմնական ռազմաքաղաքացիական գործողությունները տարածաշրջանում ` ներառյալ ապահովումը ոստիկանական եւ խաղաղապահ ուժերով: «Եթե ԵՄ-ն կոնկրետ առաջընթաց տեսնի բանակցային գործընթացում, հարկ կլինի տարածաշրջան գործուղել գնահատման առաքելություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ուսումնասիրել իրական իրավիճակը տեղերում»,-ասել է Ս.Ֆրեյզերը` ափսոսանքով նշելով, որ Եվրամիության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ այն ներգրավված է հակամարտությունների կարգավորման գործընթացներին այլ տարածաշրջաններում: