Փախստականներին տրվող փաստաթղթերը միջազգային չափանիշներին չեն համապատասխանում

Փախստականներին տրվող փաստաթղթերը միջազգային չափանիշներին չեն համապատասխանում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության իրավաբանական և անձնագրային ու վիզաների վարչության ծառայողներ:

Քննարկման հիմնական թեման Հայաստանում փախստականներին «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն է եղել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2012 թվականի իր զեկույցում արատահայտել էր նույն մտահոգությունը` Հայաստանի Հանրապետությունում փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթի` միջագային չափանիշներին չհամապատասխանելու մասին:

Փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացրած նկատառումները ՀՀ ոստիկանության կողմից օրինագծում ներառելու, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Նա նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը կշարունակի աշխատել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում:

Ոստիկանության պետի տեղակալը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը հույս են հայտնել հետագայում նույնպես արդյունավետ և երկարատև համագործակցության վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---