21 դեկտեմբերի 2005 - 19:17 AMT
Ն.Վարդանյան. Փորձաքննությունները ցույց տվեցին, որ Ռ.Սաֆարովը չի տառապում հոգեկան հիվանդություններով
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net-ը, դեկտեմբերի 15-ին Բուդապեշտում տեղի է ունեցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես եւ ակնկալվում էր, երկրորդ ադրբեջանցի զինծառայող Անար Ալիեւը, որը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին մեղադրյալ Ռամիլ Սաֆարովի հետ, չէր ներկայացել ցուցմունքներ տալու համար: Պաշտպանությունը բացատրեց դա նրանով, որ ուղղաթիռից վայր ընկնելու արդյունքում գլխի վնասվածք ստացած Անար Ալիեւը կորցնում է հիշողությունը: «Փոխարենը, ընթերցվեց Ա.Ալիեւի առաջին ցուցմունքը, որն էլ դատարանը վերջնական համարեց»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուդապեշտում հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը: Ըստ Ա.Ալիեւի ցուցմունքների, դասընթացների ժամանակ ոչ մի վիճաբանություն հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ չի եղել: Ավելին, Անար Ալիեւը նշել է, որ հայ զինվորները, ադրբեջանցի գործընկերներին ողջունելու մի քանի փորձերից հետո, պատասխան չստանալով, դադարեցին նույնիսկ բարեւել Ա.Ալիեւին եւ Ռ.Սաֆարովին: Այդպիսով, հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ կոնֆլիկտային իրավիճակների մասին խոսք անգամ չի կարող լինել: Նիստի ընթացքում պաշտպանությունը հանդես է եկել միջնորդությամբ` Ա.Ալիեւի ցուցմունքները Բաքվում լսելու վերաբերյալ: Սակայն, այդ միջնորդությունը մերժվել է:

Ինչ վերաբերում է դատահոգեբանական փորձաքննությանը, Ն.Վարդանյանը պարզաբանել է, որ երրորդ դատահոգեբանական փորձագետը պետք է համեմատեր առաջին երկու փորձաքննությունների արդյունքները, եւ բացատրություն տար երկու առաջին փորաձաքննություններում առկա տարաձայնությունները: Սակայն, երրորդ փորձագետին առաջադրված խնդրին հակառակ, ներկայացված զեկույցն, ըստ էության, նոր փորձաքննություն էր, որը հետագայում մերժվեց դատարանի կողմից: Ավելին, պատասխանելով դատավորի հարցերին, փորձագետը ցույց տվեց, որ գործնականում ծանոթ չէ այդ գործին, եւ նրա բոլոր փորձերը պատասխանել հարցերին եւ հիմնավորել իր եզրակացությունը տապալվեցին: Այդպիսով, դատարանի որոշմամբ, նիստի արձանագրության մեջ գրանցված է, որ երրորդ փորձագետը չի պատասխանել դատավորի հարցերին: Ն.Վարդանյանը նշել է նաեւ այն փաստը, որ բոլոր երեք փորաձքնությունները ցույց են տվել, որ Ռ.Սաֆարովը հոգեպես առողջ է: Երկրորդ եւ երրորդ փորձագետները պնդում են, թե Սաֆարովի մոտ հանցագործություն կատարելու պահին դիտարկվել է «գիտակցության սահմանափակում», բայց ոչ երբեք աֆեկտ: Սակայն առաջին փորձաքննությունը հերքում է այդ պնդումները, քանի որ ինչպես մինչ սպանությունը, այնպես էլ դրանից հետո Ռամիլ Սաֆարովը, ըստ վկաների ցուցմունքների, լիովին հանգիստ է եղել եւ լիարժեքորեն տիրապետել է իրեն: Նշենք, որ, ինչպես ասվել էր ավելի վաղ, դատարանը որոշում է կայացրել երկու առաջին փորձաքննությունների նոր համեմատական վերլուծություն անցկացնելու մասին, որը կանցկացնեն Դեբրեցենի համալսարանի փորաձգետները: Համեմատական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն 2006 թվականի մարտի 7-ին կայանալիք դատարանի հաջորդ նիստում:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն, եւ մահափորձ մեկից ավելի անձանց հանդեպ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: