22 դեկտեմբերի 2005 - 14:19 AMT
Յու.Բալուեւսկի. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանին եւ Ադրբեջանին բաժին է հասել գրեթե հավասար քանակությամբ սպառազինություն
Ռուսաստանը չի մատակարարում Հայաստանին սպառազինություններ, «որոնք կարող են նպաստել արեւելյան ուղղությամբ վերջինիս ռազմավարական խնդիրների լուծմանը»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Խորհրդային տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում տեղակայված էին գրեթե հավասար քանակությամբ զորքեր: ԽՍՀՄ փլուզումից հետո գործնականում բոլոր սպառազինությունները մնացին այդ պետությունների տարածքում: Այդ պատճառով ասել, որ կողմերից մեկը զինված է մինչեւ ատամները, իսկ երկրորդը` շատ ավելի թույլ է, այդքան էլ կոռեկտ չէ: Երկու երկրներին էլ բաժին է հասել գրեթե հավասար քանակությամբ սպառազինություն: Իրոք, Հայաստանը անդամակցում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը, հանդիսանում է Ռուսաստանի հիմնական դաշնակիցը հարավկովկասյան տարածաշրջանում, սակայն Ռուսաստանն այսօր չի զինում Հայաստանին սպառազինություններով, որոնք կարող են նպաստել արեւելյան ուղղությամբ իր ռազմավարական խնդիրների լուծմանը», - հայտարարել է Յուրի Բալուեւսկին: