
Երկիրը շարունակում է գտնվել համակարգային ճգնաժամի մեջ՝ և քաղաքական, և տնտեսական, և բարոյահոգեբանական առումով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է: Այս պայմաններում վերանշանակվում է այն կառավարությունը, որի գործութնեության հետևանքով աճել է արտագաղթն ու գործազրկությունը: Պատճառաբանում են տնտեսական յոթ տոկոս աճով, որը տեսանելի չէ, մինչդեռ տեսանելի են բացասական միտումները»,- ասաց նա:
Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ պետք է փոխել երկրում առկա գաղջ մթնոլորտը, նախ անցկացնել արդար, ժողովրդավարական ընտրություններ: «Վերջին նախագահական ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը, նույնը նաև Երևանի ավագանու ընտրությունները, չնայած, որ իշխանությունները խոստանում էին Հայստանի պատմության լավագույն ընտրությունը»,- ասաց նա:
ՀԺԿ նախագահը նշեց, որ իրենք չմասնակցեցին ավագանու ընտրություններին, քանի որ համարում էին, որ ավելի ճիշտ կլիներ ընդդիմության մասնակցությունը մեկ միասնական ցուցակով, ինչը տեղի չունեցավ: «Մենք համարում ենք, որ ընդդիմությունը հաղթել է: Իսկ ընտրություններում ՀԱԿ-ի ստացած քիչ ձայները չի կարելի ՀԱԿ-ի տապալում համարել»,- նկատեց նա:
Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց, որ փորձը ցույց է տվել, որ ընտրություններով իրավիճակը չի փոխվում, իսկ ընդդիմությունը մշտապես ուզել է խաղաղ ճանապարհով փոփոխությունների և իշխանափոխության հասնել. «Սակայն ընտրական օրենսդրությունը ոչնչացված է, մարդիկ չեն հավատում ընտրական գործընթացներին: Ժողովուրդը միևնույն ժամանակ դրա հետ մեծ հույս է կապում և ակտիվանում է հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ»:
ՀԺԿ նախագահը նկատեց, որ մեզ մոտ ձևավորվել են վատ ավանդույթներ, դրանք պետք է արմատախիլ արվեն. «Ժողովրդավարական երկրներում ընտրություններից հետո հանգուցալուծվում են ճգնաժամերը, իսկ մեզ մոտ ավելի են խորանում»:
Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ իշխանափոխությունը և ստեղծված իրավիճակից ելքը կլինի, եթե ողջ հասարակությունը նորմալ ընտրություններ պարտադրի:
«Երկիրն աղետալի վիճակում է, և սա չափազանցություն չէ»,- ընդգծեց նա: