22 դեկտեմբերի 2005 - 17:12 AMT
Հաստատվել է Ռուսաստանից Ադրբեջան առաքվող գազի գինը
Ռուսաստանից Ադրբեջան առաքվող գազի գինը 2006 թվականի հունվարի 1-ից 60 դոլարից կաճի մինչեւ 110 դոլար 1 հազար խորանարդ մետրի համար: Բաքվում ընթացող բանակցություններում նման համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ԱՀՊՆԸ) ներկայացուցիչները: ԱՀՊՆԸ-ում նշել են, որ գազի առաքման բազային ծավալը 2006 թվականին չի փոխվի եւ կկազմի 4,5 մլրդ խ.մ: «Գազպրոմի» «Գազէքսպորտ» դուստր-ձեռնարկությունը գազ է առաքում Ադրբեջան 2004թվականից: Ռուսաստանից ստացվող գազն Ադրբեջանում օգտագործվում է հիմնականում երկրի էլեկտրակայաններում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Ադրբեջանից բացի, Վրաստանը եւս 2006 թվականի առաջին իսկ օրվանից կվճարի 110 դոլար գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց: Իսկ Հայաստանի համար կարեւորագույն հարցը` Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման գինը մնում է անորոշ: Հիշեցնենք, որ մինչ այժմ Վրաստանը տարանցման դիմաց ստանում էր Հայաստան առաքվող գազի ծավալի 10 տոկոսը: Այսինքն Հայաստան առաքվող գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց Վրաստանը ստանում էր 6 դոլարի վառելիք: Այժմ «Գազպրոմը» նախընտրում է վճարել ոչ թե ապրանքով, այլ դրամով եւ պնդում է, որ պայմանագիրը կնքվի 10 տարուց ոչ պակաս ժամկետով: Վճարման ժամկետներին եւ ձեւին վրացիները դեմ չեն: Սակայն, համաձայնություն չկա կոնկրետ թվերի շուրջ: «Գազպրոմը» առաջարկում է պահպանել 10-տոկոսանոց սակագինը: Այսինքն, հաշվի առնելով, որ գազի գինը կդառնա 110 դոլար, տարանցման սակագինը կկազմի 11 դոլար: Պաշտոնական Թբիլիսին գտնում է, որ դա չափազանց քիչ է: Գազի գների երկպատիկ աճին վրացիները պատասխանում են տարանցման սակագների եռապատիկ բարձրացմամբ: Թբիլիսին պնդում է, որ յուրաքանչյուր հազար խ.մ գազի տարանցման համար իրեն պետք է վճարեն 30 դոլար: