22 դեկտեմբերի 2005 - 17:51 AMT
Հայկական ինտերնետ-ընկերակցությունը կոչ է անում դատապարտել վանդալիզմի գործողությունները Նախիջեւանում
Հայաստանի ինտերնետ-ընկերակցությունը հանդես է եկել կոչով` Նախիջեւանում հայկական խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ավերման փաստի առնչությամբ: Կոչում, որը PanARMENIAN.Net-ը ստացել է OpenArmenia կայքի ղեկավարությունից, մասնավորապես, ասվում է. «Մենք, հայ հասարակության ներկայացուցիչներս, խորը ցավով եւ վրդովմունքով տեղեկացանք Նախիջեւանի Հին Ջուղայի շրջանում վերջին խաչքարերի ավերման մասին, որտեղ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ, զինված մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով ավերի են ենթարկում եզակի միջնադարյա հայկական խաչքարերը, որոնք պահպանվել էին պատմական Հայաստանի այդ անկյունոմ: Ելնելով նրանից, որ Ջուղայի խաչքարերը ոչ միայն հայկական, այլ համաշխարհային քաղաքակրթության հուշարձաններ են եւ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը ուշադրություն դարձնել համամարդկային մշակութային ժառանգության հանդեպ այդ վանդալիզմի ակտին:

Այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը ջանքեր է թափում երկու ժողովրդներին հաշտեցնելու ուղղությամբ, վանդալիզմի այս գործողությունները, որոնք արտոնվել են Բաքվի պաշտոնյաների կողմից, մեկ անգամ եւս ցույց են տալիս Ադրբեջանի ղեկավարության ճշմարիտ մղումները` Նախիջեւանի ավտոխտոն հայ բնակչության էթնիկ զտումները ավարտին հասցնել հայերի պատմական հայրենիքի այդ անկյունում մնացած հայկական քաղաքակրթության մնացորդների ոչնչացմամբ եւ մշակութային ցեղասպանությամբ: Ադրբեջանը վանդալիզմի եւ հայատյացության նմանատիպ գործողություններ է կատարել կոմունիստական ռեժիմի 70 տարիների ընթացքում, երբ հայկական խաչքարերը հետեւողականորեն քանդվում էին կամ տեղահանվում: Անկախությունից ի վեր, Ադրբեջանը առանձնակի ջանքերով շարունակեց ջնջել հայության հետքերը իր տարածքում: 2002 թ. Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ ջանքերով հաջողվեց կասեցնել Ջուղայի խաչքարերի վերջնական ոչնչացումը: Սակայն Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, կոպտորեն խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները: Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում չգտնվեց գեթ մեկ հասարակական կազմակերպություն կամ մտավորական, որը հրապարակայնորեն դատապարտեր երկրի ղեկավարության գործողությունները: Ադրբեջանական հանրության նման ցինիզմն ու անտարբերությունը եզակի միջնադարյա հուշարձանի հանդեպ ապշեցնում են: Ամեն հայկականի հանդեպ նման կույր ատելության պայմաններում խոսք անգամ չի կարող լինել Ադրբեջանի կամ ադրբեջանական հանրության հանդեպ վստահության մասին, իսկ երկու ժողովրդների հաշտեցման գործում ժողովրդական դիվանագիտությունն օգտագործելու բոլոր կոչերը ցինիկ եւ վուլգար հնչեղություն են ստանում:

Այս նամակով մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մտավորականության ներկայացուցիչներին, բոլոր ազգությունների մարդկանց` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությունների բարբարոսությունը Նախիջեւանի Հին Ջուղայի միջնադարյա հայկական գերեզմանոցի հանդեպ: Խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին աջակցել խաչքարերի բեկորները Հայաստան տեղափոխելուն, որտեղ նրանք հուսալիորեն պաշտպանված կլինեն բարբարոսների ձեռքերից: Մենք նաեւ կոչ ենք անում ադրբեջանական ժողովրդի սթափ մտածող հատվածին ուշադրություն դարձնել վանդալիզմի այս գործողություններին, դատապարտել դրանք եւ կոչ անել սեփական երկրի պաշտոնական իշխանություններին անհապաղ դադարեցնել վանդալիզմը»: Կոչին միացել են`

arev.ru
armenia.ru
armenianhouse.org
artsakh.info
artsakhworld.com
genocide.ru
hayastan.com
openaremenia.com
sumgait.info
Armenischer Jugendausschus MՖnchen
Centеr of Social Economic Monitoring NGO