23 դեկտեմբերի 2005 - 15:35 AMT
Ս.Ֆրեյզեր. Ղարաբաղյան հակամարտության կողմերին մնացել է անել վերջին դժվարին քայլերը
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանը «դեմ չէ դուրս բերել զորքերը գրավյալ մի քանի տարածքներից` նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հաստատումը»: «Այդ հարցի շուրջ իմ դիրքորոշումը ձեւավորվել է Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաեւ հասարակական կարծիքի վերլուծության հիման վրա», -նշել է նա: Ըստ Ս.Ֆրեյզերի, «Պրահայի գործընթացի մեկնարկից հետո կողմերը երկար ճանապարհ են անցել եւ այժմ հեռու չեն խնդրի կարգավորումից, սակայն փոխզիջման հասնելու համար ստիպված են մի քանի կարեւոր եւ դժվարին քայլեր անել»: Հայկական կողմն, ըստ նրա, առայժմ համաձայնության չի գալիս «Լաչինն ու Քելբաջարը վերադարձնելու հարցում», իսկ Ադրբեջանը մերժում է Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեի միջոցով որոշելու հնարավորություբը: «Պետք է նախ որոշել, թե ե՞րբ են գրավյալ տարածքները ազատագրվելու, որոշել` անտվանգության ի՞նչ երաշխիքներ են ստանալու կողմերը եւ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Կողմերը պետք է համաձայնության գան նաեւ Լաչինի հարցի շուրջ», - համոզված է ՄՃԽ-ի կովկասյան բաժնի ղեկավարը: «Սակայն դժվար է ասել` արդյոք այդ համաձայնություն ձեռք կբերվի փետրվարին նախանշվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում», -ավելացրել է նա:
Սաբինա Ֆրեյզերը կարեւորեց Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը` հույս հայտնելով, թե «նրանց կհաջողվի կատարել փոխչիջման համար անհրաժեշտ վերջին դժվարին քայլերը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: