23 դեկտեմբերի 2005 - 15:42 AMT
Հունվարի 1-ից կսկսի գործել Հարավային Կովկասի երկրների Միջխորհրդարանական վեհաժողովը
2006 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Հարավային Կովկասի երկրների Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ): Այդ մասին դեկտեմբերի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը նման կառույցի ստեղծման նախաձեռնողներից մեկն է: Ըստ Հայաստանի խորհրդարանի խոսնակի, Հարավային Կովկասի երկրների ՄԽՎ-ն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ համագործակցության հաստատման վրա: «Ակնհայտ է, որ այս երկրների միջեւ հարաբերություններում կան պարզաբանման կարոտ հարցեր: Ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական դաշտում մենք պետք է հավատարիմ մնանք բոլոր հարցերը բացառապես բանակցային ճանապարհով լուծելու սկզբունքին»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հարցը պետք է լուծվի երկու երկրների ժողովրդների շահերից ելնելով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: