
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունում է «Հայոց Համազգային Շարժում» կուսակցությունը վերագրանցելու նախաձեռնությունը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ քաղաքական դաշտում կա երկու ՀՀՇ՝ մեկը, որ ՀԱԿ-ի մեջ է ամփոփված, մյուսը, այն մարդիկ են, որ այն տարիների ընթացքում կուսակցության ղեկավարությունում էին, և ամեն կերպ փորձեցին պահել այն, չնայած, որ ՀՀՇ-ն մոդա չէր: «Ողջունելի է, որ նրանք փորձում են վերականգել, նրանք այդ կուսակցությունում մեծ ներդում են ունեցել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է վերածնված ՀՀՇ-ի հետ համագործակցությանը, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ «Ժառանգություն» կուսակցությունն ընդդիմադիր դաշտի ցանկացած կուսակցության հետ համագործակցել է և պատրաստ է համագործակցել: «Մենք բոլոր ընդդիմադիր ուժերին կողքին կանգնած ենք եղել, երբ նրանք որևէ գործընթաց են սկսել և միշտ կլինենք, չնայած մի մասը մեր կողքին չկանգնեց»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նկատեց, որ եթե ընդդիմությունը հասկանա, որ նեղ անձնական շահերից պետք է դուրս գալ, և միասին բովանդակային առումով պայքարել, ապա իշխանություններն այնքան թույլ են, որ երբ հասարակությունը տեսնի ընդդիմության միասնականությունը, քաղաքկան իրադրությունը կփոխվի. «Արտահերթ ընտրություններ անցկացնելը շատ կարճ ժամանակի խնդիր կլինի»: