17 մայիսի 2013 - 16:14 AMT
Ալեքսանդր Պերենջիև. Չի կարելի «ռուս վարձկանի» մասին տեղեկությունն արժանահավատ համարել

«Չի կարելի «ռուս վարձկանի» մասին տեղեկությունն արժանահավատ համարել,-ասել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը` մեկնաբանելով վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե իբր ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Մարզիլի գյուղի մոտ ադրբեջանցի դիպուկահարները ծանր վիրավորել են ռուս զինվորականի Բոլոտնիկով ազգանունով:

Պերենջիևը նշել է, որ ՌԴ ռազմական ղեկավարությունը երբեք իրեն թույլ չի տա, որպեսզի իր հաստիքային աշխատակիցը մասնակցի մարտական գործողություններին այլ պետության կողմից: «Վարձկանությունը ըստ ՌԴ օրենսդրության համարվում է քրեական հանցագործություն: Պաշտոնական Մոսկվան միշտ կասեցնելու է ցանկացած վարձկանություն, առավել ևս, Բաքու-Երևան դիմակայության ոլորտում»,-ասել է փորձագետը:

Ռուս քաղաքագետը գտնում է, որ բուն ազգանունը ևս հորինված է և քաղաքական ենթատեքստ ունի: «Վստահ եմ, որ Բոլոտնիկով ազգանունով վարձկան եթե կա, ապա նրա քաղաքացիությունը կապ չունի Ռուսաստանի հետ: Եվ հետո ազգանունը ևս հորինվածի նման է, քանի որ անմիջապես ասոցացվում է 1606-1607թթ. Ռուսական թագավորության գյուղացիական շարժման հայտնի առաջնորդի հետ: Այսինքն ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունի»,-ասել է, գրում է Vesti.az-ը: