17 մայիսի 2013 - 15:59 AMT
Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինները կհամագործակցեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային:

Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը:

Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավարը նշել է, որ տպավորված է այս բնագավառում Հայաստանի ձեռքբերումներով, ինչի արդյունքում մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել նաև Doing Business զեկույցում՝ վարկանիշային աղյուսակում գերազանցելով նաև Ռուսաստանին:

Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների կադաստրային մարմինների համատեղ կոնֆերանս, որում կդիտարկվեն առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև կադրերի վերապատրաստման, արխիվային նյութերի թվայնացման, քարտեզագրության ու այլ ուղղություններով երկու երկրներում իրականացվող աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: