24 դեկտեմբերի 2005 - 13:19 AMT
Ռ.Սաֆարովի գործով փաստաբանը մեղադրում է հունգարացի դատավորին փորձագետների հանդեպ ճնշում գործադրելու համար
Նախօրեին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով փաստաբան Ադիլ Իսմայլովը մամլո ասուլիս է տվել: Փաստաբանը տեղեկացրել է Բուդապեշտում դեկտեմբերի 15-ին կայացած դատարանի նիստի մասին: Նիստում նախատեսվում էր երկու հարցի քննարկում` ադրբեջանցի սպա Անար Ալիեւի ցուցմունքների լսումը եւ երրորդ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումը: «Քանի որ Անար Ալիեւը առողջական խնդիրներ ունի, նա չի կարող ցուցմունքներ տալ որպես վկա: Եվ դատարանում ընթերցվեցին նրա նախնական քննության ժամանակ տված ցուցմունքները: Այնուհետեւ քննարկվեցին Ռամիլ Սաֆարովի երրորդ դատաբժշկական փորձաքննություն արդյունքները: Փորձագետները եկան այն եզրակացության, որ Ռ.Սաֆարովը սպանության պահին գտնվում էր անվերահսկելի վիճակում, մինչ սպանությունը նրա գիտակցության մեջ տեղի են ունեցել շոկային փոփոխություններ, նա եղել է աֆեկտի ազդեցության տակ: Այս եզրակցությունը նախորդից (երկրորդից) շատ չէր տարբերվում: Ըստ հունգարական օրենքների, այս դեպքում դատավորը կարող էր առանց սահմանափակումների որոշում կայացնել նրա պատիժը նվազեցնելու մասին, այսինքն կարող էր Ռ.Սաֆարովին դատապարտել 2-3 տարվա ազատազրկման»: Ըստ փաստաբանի, «դատավարությունում նախագահող դատավորը դժգոհ էր նաեւ երրորդ փորաձքննության արդյունքներից, ինչն էլ ցուցադրեց իր գործողություններով»: Ըստ փաստաբանի, «նա ճնշում է գործադրել փորձագետի վրա եւ նույնիսկ չի փորձել թաքցնել իր դիրքորոշումը»: «Դատավորը 3 հարց է տվել փորձագետներին` ինչու՞ են տարբեր երկու նախորդ փորձաքննությունները, ո՞րն է նրանցից ճիշտը եւ կար արդյո՞ք երրորդ փորձաքննության անհրաժեշտությունը: Փորձագետները նշել են, որ տարբերությունը երկու նախորդ փորձաքննությունների միջեւ առաջացել է այն պատճառով, որ Ռ.Սաֆարովը վատ է տիրապետում ռուսերենին: Երկրորդ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նրա գիտակցությունը սպանության պահին միջին սահմանափակվածության է եղել: Իսկ երրորդը բացահայտեց, որ նրա գիտակցելու ունակությունը չափազանց սահմանափակ էր: Բժշկական փորձագետների պատասխանները չբավարարեցին դատավորին, եւ նա հայտարարեց, որ ընդհանրապես չի ընդունում երրորդ փորձաքննության արդյունքները: Փորձագետներին ծանրաբեռնելով ավելորդ հարցերով, դատավորը հայտարարեց նրանց, որ նրանք գերազանցել են իրենց լիազորությունները եւ նշանակել է հերթական, հաջորդ փորձաքննությունը»:

Ինչպես հաղորդել է փաստաբանը, «դատավորի կողմից իր դիրքորոշման արտահայտումը մտահոգում է նրան»: Եվ այդ պատճառով օրակարգում է հայտնվել դատավորի գործողությունները բողոքարկելու հարցը: «Այդ հարցը այժմ քննարկվում է, կբողոքարկվեն արդյոք դատավորի գործողությունները, կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացվի քննարկումներից հետո»: Նշելով պահանջների բացակայությունը հունգար փաստաբանների հանդեպ, իրավաբանը ասել է, թե փորձագետները նույնպես մինչ այժմ անաչառ են մոտեցել այս գործին: Փաստաբանը հույս է հայտնել, որ փորձագետների հերթական զեկույցը օբյեկտիվ կլինի: «Կարծում եմ, որ սա կլինի, վերջին, վերջնական փորձաքննությունը»:

Ա.Իսմայլովը նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը եւ Հունգարիան միացել են Դատապարտված անձանց հանձնելու մասին կոնվենցիային: Ըստ փաստաբանների, այդ Կոնվենցիայի համաձայն, դատավճռի կայացումից հետո հնարավոր է Ռ.Սաֆարովի էքստրադիցիան հայրենիք:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բուդապեշտի դատարանում հայկական կողմի շահերը ներկայացնող Ն.Վարդանյանը, երրորդ դատահոգեբանական փորձագետը պետք է համեմատեր առաջին երկու փորձաքննությունների արդյունքները, եւ բացատրություն տար երկու առաջին փորաձաքննություններում առկա տարաձայնությունները: Սակայն, երրորդ փորձագետին առաջադրված խնդրին հակառակ, ներկայացված զեկույցն, ըստ էության, նոր փորձաքննություն էր, որը հետագայում մերժվեց դատարանի կողմից: Ավելին, պատասխանելով դատավորի հարցերին, փորձագետը ցույց տվեց, որ գործնականում ծանոթ չէ այդ գործին, եւ նրա բոլոր փորձերը պատասխանել հարցերին եւ հիմնավորել իր եզրակացությունը տապալվեցին: Այդպիսով, դատարանի որոշմամբ, նիստի արձանագրության մեջ գրանցված է, որ երրորդ փորձագետը չի պատասխանել դատավորի հարցերին: Ն.Վարդանյանը նշել է նաեւ այն փաստը, որ բոլոր երեք փորաձքնությունները ցույց են տվել, որ Ռ.Սաֆարովը հոգեպես առողջ է: Երկրորդ եւ երրորդ փորձագետները պնդում են, թե Սաֆարովի մոտ հանցագործություն կատարելու պահին դիտարկվել է «գիտակցության սահմանափակում», բայց ոչ երբեք աֆեկտ: Սակայն առաջին փորձաքննությունը հերքում է այդ պնդումները, քանի որ ինչպես մինչ սպանությունը, այնպես էլ դրանից հետո Ռամիլ Սաֆարովը, ըստ վկաների ցուցմունքների, լիովին հանգիստ է եղել եւ լիարժեքորեն տիրապետել է իրեն: Նշենք, որ, ինչպես ասվել էր ավելի վաղ, դատարանը որոշում է կայացրել երկու առաջին փորձաքննությունների նոր համեմատական վերլուծություն անցկացնելու մասին, որը կանցկացնեն Դեբրեցենի համալսարանի փորաձգետները: Համեմատական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն 2006 թվականի մարտի 7-ին կայանալիք դատարանի հաջորդ նիստում:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն, եւ մահափորձ մեկից ավելի անձանց հանդեպ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: