24 դեկտեմբերի 2005 - 13:46 AMT
Բաքվի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել
Դեկտեմբերի 23-ին տեղի ժամանակով 22:27-ին Բաքվի մերձակայքում (գյուղ Նարդարան) ԱՆ-100-140 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են 18 ուղեւորները եւ անձնակազմի 5 անդամները: Ինքնաթիռը, որը պատկանում էր «AZAL» պետական կոնցերնին, դուրս է եկել Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից 22:19-ին Բաքու-Ակտաու չվերթով, մի քանի րոպե անց կապը նրա հետ խզվել է,, ինքնաթիռը անհետացել է ռադարի էկրաններից: 8 րոպե անց օդանավակայանի օպերատորը ահազանգ է ստացել ԱՆ-100-140 ինքնաթիռի վթարի մասին: Խոշոր վթարը կանխելու նպատակով օդաչուները ուղղել են կործանվող ինքնաթիռը դեպի ծովը: Մի քանի րոպե անց վթարի վայր է ժամանել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, ՆԳՆ եւ ԱԱՆ աշխատակիցները: Կատարվածը հետաքննելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Որոնվում է ԱՆ-100-140 ինքնաթիռի սեւ արկղը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը: Դեռեւս, նրա խոսքերով, վթարի պատճառներն անհայտ են: Ըստ նախնական տվյալների, ահաբեկչության վարկածը բացառվում է: Ռ.Ուսուբովը հաղորդել է, որ բոլոր 18 ուղեւորները եւ անձնակազմի 5 անդամները զոհվել են` նրանց մարմինները ուղարկվել են փորձաքննության:

Վերջին տվյալներով, գտնվել են ինքնաթիռի կործանման հետեւանքով 23 զոհվածներից 20-ի մարմինները: Այդ մասին պատահարի վայրից հաղորդել է Բաքվի ոստիկանության Սաբունչինսկի շրջանի վարչության պետ Թորգուլ Ռահիմովը: Նրա խոսքերով, քանի որ ինքնաթիռն ընկել է ծովեզրին, մարմինները դժվար է եղել հանել: Միեւնույն ժամանակ, երեքի մարմինները դեռեւս չեն հայտնաբերվել, թեեւ նրանց անունները հայտնի են, ասել է Թ.Ռահիմովը եւ ավելացրել, որ նրանց որոնումը շարունակվում է: Բացի այդ, աշխատանք է տարվում ինքնաթիռի մնացորդները ծովից հանելու եւ սեւ արկղի որոնման ուղղությամբ: Պատահարի վայրում շարունակում են աշախատել դատախազության, ՆԳՆ եւ «ԱԶԱԼ» պետական կոնցերնի փորձագետները, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: