17 մայիսի 2013 - 20:41 AMT
Նախախորհրդարան. 88-ի պես շարժումը սկսում ենք կամավորներից ու առաջամարտիկներից

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները: Նրանցից Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանը կառավարվում է «իմպրովիզների ու ղեկավարների քմահաճույքների շրջանակներում», ինչի հետևանքով ժողովուրդը ինքը իրեն չի համարում երկրի տերը, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել: «Նվիրաբերվել է իրեն՝ զիջումների դիմաց, նախագահ մնալու զիջումների դիմաց», - ասաց նա:

Գարեգին Չուգասզյանն իր ելույթում նշեց, որ ցանկացած երկիր, որը վերջին 4-5 տարվա ընթացքում անցած լիներ այնպիսի անկումների միջով, որով անցել է Հայաստանը, պետք է ունենար նոր ղեկավարություն:

«Եթե դա տեղի չի ունենում ուրեմն անհրաժեշտ է գտնել նոր ճանապարհ:Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը ցույց է տալիս, որ սոցիալական լարվածությունը ՀՀ-ում չի վերացել, որ քաղաքական նորացման խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ օրակարգում»,-ասաց նա ու ավելացրեց, որ իրենք նախատեսում էին փակուղում հայտնվելու այսօրվա իրավիճակը և հիմա ժամանակն է, որ քաղաքացիների ուղիղ մասնակցությամբ ամբողջ երկրով մեկ դիմադրության օջախների ստեղծումով վտակների նման սնուցվի այն գետը, որը Հայաստանում հանգեցնելու է քաղաքական իրողությունների:

Գարեգին Չուգասզյանը նաև նշեց, որ ինչպես 1988-ին, այնպես էլ ցանկացած շարժում սկսվում է կամավորներից ու առաջամարտիկներից, որոնք իրենց հավատով վարակում են մյուսներին: «Այսօր գործ ունենք ազգային-ազատագրական շարժումի նոր փուլի հետ»,-ասաց նա:

Տիգրան Խզմալյանն իր ելույթում նշեց, որ թիվ մեկ մարտահրավերն արտագաղթն է` 20 տարում բնակչությունը պակասել է 50 տոկոսով, որի հիմնական մեղավորը երկիրը օկուպացրած իշխանություններն են։

«Սեփական երկիրը պետք է ազատագրել, ահա թե ինչու մենք հավաքվեցինք, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանի շուրջ, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի շուրջ։ Մենք ոչ մի կուսակցություն չենք և չենք լինի մինչև չհաղթենք, որովհետև կուսակցությունները պառակտում են երկիրը։ Ոչ թե կուսակցություն ենք ստեղծելու, այլ՝ իշխանություն»,- ասաց նա և նշեց, որ իրենք, իմանալով, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե զավթելու են, այլ վերցնելու են ամեն գնով, այնպես, ինչպես 88-ին արվեց։

Ինքնակազմակերպում, այլընտրանքային-զուգահեռ կառույցների ստեղծում, քաղաքացիների հետ քաղաքացիական պայմանագիր ստորագրելով՝ հետադարձ կապի ստեղծում և չորրորդ քայլը՝ նոր Հայաստանի հիմքերի ստեղծում. նախախորհրդարանն առաջարկում է 4 կետ, որոնք ներկայացրեց Հարություն Մեսրոբյանը և նշեց, որ դրանք Նախախորհրդարանի այլընտրանքն են «փառապանծ չընտրություններին»: