Հրանտ Դինկի դեմ հարուցվել է եւս մեկ քրեական գործ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի դատարանը նոր գործ է հարուցել Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ: «Ակոս» թերթի 3 լրագրողների նկատմամբ նոր գործ է հարուցվել Թուրքիայի ազգայնական Իրավաբանների միություն ընկերակցության հայցի հիման վրա, ըստ որի լրագրողները «փորձել են ազդել դատական ատյանների վրա»: Հոկտեմբերին Հրանտ Դինկը «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով դատապարտվել էր 6 ամիս ազատազրկման` Թուրքիայի բարեփոխված Քրեական օրենսգրքի 301 հոդվածի քննադատության համար: Դա նշանակում է, որ «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»: «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը վճիռը բողոքարկել էր Թուրքիայի Գերագույն դատարանում: Այս նոր մեղադրանքի հաստատման դեպքում Հրանտ Դինկը եւ «Ակոս»-ի 3 լրագրողները կարող են դատապարտվել 9-ը ամսից մինչեւ 4,5 տարվա ազատազրկման: «Անկա» գործակալությանը Հրանտ Դինկը հայտնել է, թե «դա իր իրավունքն էր քննադատել հոկտեմբերին կայացրած դատավճիռը եւ եթե Գերագույն դատարանը հաստատի այն, ապա ինքը դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»: 2004թ. տարեսկզբին տպագրված հոդվածում Հ.Դինկը դիմել էր հայերին` հորդորելով նրանց «հրաժարվել թուրքերի հանդեպ թշնամությունից, որը թունավորում է ձեր արյունը»: «Ակոս»-ի խմբագիր Կարին Կարաքաշլին կարծիք էր հայտնել, թե դատարանը համատեքստից դուրս էր մեկնաբանել այս բառերը` եզրակացնելով, թե թուրքական արյունը, Դինկի կարծիքով, թունավոր է: Թուրքիայի բարեփոխված Քրեական օրենսգրքի 301 հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաեւ աշխարհահռչակ թուրք գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկին: O.Փամուկի դեմ գործ հարուցելու պահանջով հանդես էր եկել նույն Իրավաբանների միություն ընկերակցությունը: Անգամ թուրք վելուծաբաններն ու լրագրողներն են փաստում, որ այս դատավարությունը շատ ավելի մեծ հարված է հասցրել Թուրքիայի միջազգային վարկին, քան շվեյցարական թերթում Փամուկի արած հայտարարությունները` մեկ միլիոն հայերի ցեղասպանության ու քրդերի կոտորածի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---