27 դեկտեմբերի 2005 - 13:07 AMT
Ս.Մանն. 2005 թվականը դրամատիկ տարի չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով
ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը պնդում է, որ ղարաբաղյան հակամատության բանակցային գործընթացի առումով 2005 թվականը դրամատիկ տարի չէր: «Պրահյան գործընթացը 2005 թվականին ընթանում էր ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է նա: Ամերիկացի դիվանագետը կրկնել է վերջին ամիսներին բազմիցս հնչած պնդումը, որ ընտրությունների բացակայությունը Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավոր լուծումներին նպաստող գլխավոր գործոններից է: «2002-2003 թվականներին այդ պատճառով նախագահները չկարողացան կենտրոնանալ այս խնդրի վրա: 2006 թվականին քաղաքական դաշտը Հայաստանում եւ Ադրբեջանում մաքուր է լինելու», - կարծում է Սթիվեն Մաննը: Անդրադառնալով բանակցային գործընթացի առաջիկա զարգացումներին, Ս.Մաննը նշել է, թե համանախագահները երկու կողմերի հետ որոշում են նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները: «Մինչեւ նախագահների հանդիպումը, տեղի կունենա երկու արտգործնախարարների հանդիպումը` համանախագահների մասնակցությամբ: Ենթադրում եմ, որ դա կլինի ավելի ուշ` հունվարին: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք օրակարգում, սակայն կարծում եմ, թե իրատեսական է համարել, որ 2006 թվականին մենք կարող ենք հասնել զգալի գործընթացի»,-ավելացրել է Ս.Մաննը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում շատ զգալի է լինելու հայկական եւ ադրբեջանական հասարակությունների ազդեցությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: