18 մայիսի 2013 - 18:10 AMT
Կառավարության ծրագրի հիմքում կլինեն ՀՀԿ և ՕԵԿ նախընտրական հիմնադրույթները

«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է Կառավարության ծրագիրը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ծրագրի գերակայությունները, նշել, որ հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները: Քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության և գիտության, պաշտպանության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին, մատնանշվել են այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները:

«Օրինաց երկիր» խմբակցությունը կուսակցության բոլոր առաջարկությունները կներկայացնի Աժ առաջիկա նիստում` Ծրագրի ամփոփիչ քննարկման և հաստատման ժամանակ: