20 մայիսի 2013 - 14:56 AMT
Արմավիր-Երևան ճանապարհին խցանումը մեծանում է. Մարզպետարանում խորհրդակցություն է

Արմավիրի մարզպետարանում այս պահին խորհրդակցություն է մարզի՝ կարկուտից տուժած համայնքերի ղեկավարների, փոխվարչապետի և գյուղնախարարի մասնակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Հայկավան համայնքի ղեկավար Մամիկոն Գևորգյանը, խորհրդակցությանը, այնուամենայնիվ, համաձայնել են նաև գյուղացիները մասնակցել, թեև նրանք հայտարարել էին, որ փոխվարչապետի հետ ոչինչ չեն քննարկի և կխոսեն միայն երկրի ղեկավարի ու վարչապետի հետ: Մամիկոն Գևորգյանի փոխանցմամբ՝ որևէ համաձայնության այս պահին դեռ չեն եկել: Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արեմն Գևորգյանը դեռ բանակցում են գյուղացիների հետ:

Միևնույն ժամանակ Արմավիր-Երևան ճանապարհին մեծանում է խցանումը: Գյուղացիները կարճ ժամանակով բացել են ճանապարհը, հետո դարձյալ փակել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արմավիրի մարզի որոշ գյուղերի բնակիչներ փակել են Երևան բերող ճանապարհը: Նրանք կարկուտից տուժած գյուղերի բնակիչներն են, ովքեր կառավարությունից փոխհատուցում են պահանջում: