20 մայիսի 2013 - 15:12 AMT
Տղան որոշել է թունավորել հորը նրա գույքին տիրանալու համար. ԱԱԾ-ն ձերբալակել է նրան ու հանցակցին

Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):

Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու հարցերը: