20 մայիսի 2013 - 15:48 AMT
Վարչապետ. Կառավարությունն անում է ամեն բան, որ գազը հնարավորինս էժան լինի

ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանին գազի գնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Վարչապետը նկատեց, որ երբեմն թվում է՝ այնքան հեշտ է մատակակարող երկրների հետ պայմանավորվել, որ գները չբարձրանան, իսկ իրականում աշխարհի որևէ երկրի համար դա հեշտ լուծելի հարց չէ, այն բազմաթիվ հարցեր է պարունակում:

«Այսօր Կառավարությունն անում է ամեն բան, որ գազը հնարավորինս էժան լինի՝ սկսած մեր հարաբերություններից Իրանի Իսլամական Հանրապետթյան հետ, վերջացրած մեր ռազմական դաշնակցի հետ: Մենք ԱԺ նախագահի հետ պայմանավորվել ենք, որ այս հարցի վերաբերյալ լսումներ կլինեն, կքննարկենք հարցը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են ընթանում՝ գտնելու այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան սուբսիդավորել կամ նվազեցնել գազի գինը: «Մենք մտադիր ենք սահմանին ֆիքսված գինը 30 տոկոսով սուբսիդավորել: Իսկ երկրում տիրող մթնոլորտի փոփոխության առումով, մենք գնալու ենք համագործակցության ճանապարհով»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ իրենք ձեռքները ծալած չեն նստել, որի արդյունքում երեք տարի շարունակ գները չեն բարձրացել: «Գները չեն որոշվում կամայականորեն, դրանց հստակ ռազմավարություն գոյություն ունի: Ես համոզված եմ, որ ՌԴ-ն Հայաստանին գազ մատակարարելու է ամենաէժան գներով»,- վստահեցեց նա:

Անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին, նա նշեց, որ այն առարկայական է, 18 ճյուղերով ծրագրեր են մշակվել, հստակ ժամանակացույց է նշված, մասնավոր հատվածը վերահսկելու է Կառավարության աշխատանքը, իսկ այդպիսի պրակտիկա երբևէ չի եղել:

«Առաջին անգամ է, որ ներկայացնում ենք առարկայական ծրագրերով մոտեցումներ: Երեք ֆունդամենտալ խնդիր ունենք այսօր՝ գործազրկություն, արտագաղթ և աղքատություն, սրանք են այն թիրախները, որոնք մեր ծարագիրը պետք է լուծի»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Ավելացնենք, որ գազի գնի վերաբերյալ լսումներ ԱԺ-ում կլինեն այս հինգշաբթի: