20 մայիսի 2013 - 16:12 AMT
Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներն ապահովվում են նոր գույքով

Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, ովքեր տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում շարունակվում են ընթացիկ վերանորոգման և գույքի նորացման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի շրջանակում նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվում են կոշտ և փափուկ, նաև՝ խոհանոցային գույքով: Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտող սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները քաղաքապետի առաջարկով դպրոց կճանապարհվեն պայուսակներով և գրենական անհրաժեշտ պիտույքներով: