20 մայիսի 2013 - 16:43 AMT
Վ.Սեդրակյան. Նախագահի թեկնածուին դատում են՝ հիմք ունենալով թմրանյութերի համար դատված մարդու ցուցմուքները

Այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով երկրորդ դատական նիստը: Վարդան Սեդրակյանը դատարանից պահանջեց երեք ամբաստանյալների համար էլ համալիր բուժզննում անցկացնել: «Հիմա դատում են նախագահի թեկնածուին, որ զբաղվում է գիտական գործունեությամբ, հիմք ունենալով թմրանյութերի համար դատված մարդու ցուցմուքները: Ես պահանջում են նրա հոգեբանական վիճակը պարզել, որ մենք իմանանք, առողջ մարդու ենք դատում, թե ես եմ հիվանդ»,- ասաց էպոսագետը:

Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանի հոգեկան առողջությունը առաջին հերթին է պետք ստուգել, սակայն ինքը մյուս երկուսի մասով ևս չի առարկում: Մյուս պաշտպանն ասաց, որ դեմ չէ, միանում է այդ միջնորդությանը: Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ միջնորդում է դատահոգեբական, հոգեբուժական և նարկոլոգիական փորձաքննություն նշանակել:

Այսօր դատարանը լսեց նաև գործով վկաներին: Ցուցմունք տվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի զոքանչը՝ Կարինե Հելչակյանը, ով պնդեց, որ իր փեսան առնչություն չունի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ, իսկ եթե որևէ կապ ունի, ապա նրան դրդել է Վարդան Սեդրակյանը: «Վարդան Սեդրակյան, Դուք եք կազմակերպել մահափորձը, որովհետև Խաչատուր Պողոսյանը նման բան չէր կարող անել, եթե չճանաչեր ձեզ»,-ասաց նա:

Վարդան Սեդրակյանն էլ հայտարարեց, որ թե ինքը, թե Պարույր Հայրիկյանը բազմիցս հայտարարել են, որ անձամբ իրար չեն ճանաչել: «Պարույր Հայրիկյանն ասել է, որ Վարդան Սեդրակյան անուն ազգանունի հետ ծանոթացել է նախընտրական քարոզարշավի ժամանակ: Խնդրում եմ հիմնավորեք այն մեղադրանքը, որը ներկայացնում եք իմ նկատմամբ»,- ասաց նա: Իսկ ըստ Կարինե Հելչակյան՝ Վարդան Սեդրակյանին կատարվածի մեջ մեղադրելու հիմքն այն է, որ կատարվածից հետո էպոսագետը հայտարարել էր, որ իր մեքենան ավելի թանկ արժե, քան Պարույր Հայրիկյանի կյանքը: «Ես ենթադրում եմ, որ Դուք եք նրան դրդել նման քայլի: Եթե Դուք չեք, բա էլ ո՞վ է»,- ասաց վկան:

Դատարանը ցանկանում էր լսել մյուս վկաներին ևս, սակայն առավոտյան ներկայացած վկաները կեսօրից հետո հեռացել էին: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին բոլոր վկաներին՝ բացառությամբ Պարույր Հայրիկյանի կնոջ և դստեր, հրավիրել դատարան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 1-ին ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:

Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար