21 մայիսի 2013 - 13:11 AMT
Կքննարկվի թմրամիջոցների մոնիտորինգի եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկման հարցը

Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հրավերով մայիսի 21-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարը կմասնակցի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված «REITOX շաբաթ» միջազգային համաժողովին, ուր ներկայացված են 42 պետությունների ներկայացուցիչներ:

Վոլֆգանգ Գոցի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն «REITOX» թմրամոլության և թմրամիջոցների մոնիտորինգի եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկման, Հայաստանում թմրամոլների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և թմրամիջոցների ու թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում են նաև Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այլ հանդիպումներ երկկողմ և միջազգային ձևաչափով, հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից: