10 հունվարի 2006 - 18:04 AMT
Հունվարի 24-ին տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահի այցը Երեւան
«Հունվարի 24-ին սպասվում է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարարի այցը Երեւան»,-հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Կարլ դե Գուխտը Հայաստան կայցելի տարածաշրջանային այցի շրջանակներում: Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դե Գուխտը հայտարարել էր, որ Նոր տարում կազմակերպության առաջնայնությունների թվում կլինի նաեւ «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցը եւ ԵԱՀԿ-ն մտադիր է առաջընթացի հասնել այս հարցում: ԵԱՀԿ նոր նախագահի ծրագրային ելույթը տեղի կունենա հունվարի 12-ին Վիեննայում կազմակերպության Մշտական խորհրդի նիստում, որտեղ կքննարկվեն ԵԱՀԿ աշխատանքի գերակա ուղղությունները այս տարում: Նա ընդգծել է, որ արդեն այժմ պարզ է, որ ԵԱՀԿ քայլերը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հազիվ թե էապես տարբերվեն նախորդ տարիներին արված քայլերից: Բացի այդ, Վ.Օսկանյանը հաղորդել է, որ հունվարի 16-17 տեղի կունենա Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու այցը Հայաստան: