21 մայիսի 2013 - 18:03 AMT
Էդուարդ Շարմազանով. Իսկ ո՞վ է խոսելու ընդդիմության որակից

ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններին:

«Քաղաքական գարունը հարուստ էր իրադարձություններով: Տեղի ունեցան մայրաքաղաքի ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին նաև համապետական ընտրություններին հայտ չներկայացրած ուժերը: Այս ընտրություններով մեր երկրում ավարտվեց ընտրական մի ողջ ցիկլ: Թե խորհրդարանական, թե նախագահական և թե մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում խոսքի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը և ժողովրդավարական արժեքներն այլևս անշրջելի են:

Բնականաբար, իմ այս դիտարկման հետ համամիտ չեն լինի մեր ընդդիմադիր և այլընտրանքային որոշ գործընկերներ: Ինչպես ասում են, ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում: Այս ընթացքում մենք ականատես եղանք քաղաքական բազմաթիվ ու բազմաժանր ներկայացումների, որտեղ գրեթե բոլորն իրենց իսկ սեփական բացթողումները տեսնելու և շտկելու փոխարեն մրցակցության մեջ էին մտել, թե ով ավելի ուժգին կքննադատի իշխանություններին: Վստահությունից խոսում էին մարդիկ, ովքեր կորցրել էին վստահությունն իրենց իսկ երբեմնի համախոհների մոտ: Իշխանության որակից խոսում էին նրանք, ովքեր վեր են ածվել այլ քաղաքական ուժի վերջին վագոնի: Մի հռետորական հարց. խոսում եք իշխանության որակից, իսկ ո՞վ է խոսելու ընդդիմության որակից: Արդյունքում այդ ուժերից շատերը հասարակության թեթև ձեռքով հայտնվեցին քաղաքական լուսանցքում:

Այո, իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր են: Մենք չենք կոծկում մեր թերությունները և մեր իսկ սխալների պատճառն այլ քաղաքական ուժերի մեջ չենք փնտրում: Մենք հոռետես չենք, այլ դժվարություններով հանդերձ հավատում ենք, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու մեր ժողովրդի համար:

Ինչպես ասում են, լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ` դժվարություն: Լինենք լավատես, դա է միակ ճիշտ ճանապարհը»,- ասաց նա: