21 մայիսի 2013 - 18:07 AMT
ԱԳ փոխնախարար. Ստատուս քվոն փոխելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Նա ասել է, որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերում: Այս հարցին անդրադարձել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի խոսքերը: Շավարշ Քոչարյանը մասնավորապես ասել է.

«Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման հայտարարությունների անընդհատ հնչեցումը Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղված են հենց ստատուս քվոյի փոփոխությունները կանխելուն:

Եթե Ադրբեջանում իրոք ցանկանային ստատուս քվոյի փոփոխություն, ապա համաձայնության կգային Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ և կնպաստեին բանակցային գործընթացի առաջընթացին, այլ ոչ թե կտապալեին այն, ինչպես դա արվեց Կազանում:

Ադրբեջանը ունի միայն մեկ հնարավորություն բավարարելու իր անհագուրդ ձգտումը հասնելու ստատուս քվոյի փոփոխությանը եռանախագահների բանակցային ձևաչափը շրջանցելու միջոցով: Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն:

Ապարդյուն են Ադրբեջանի փորձերը նենգափոխելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության և բանակցային գործընթացի էությունը: Նմանատիպ նենգափոխումները, ինչպես և հայության դեմ թշնամանք սերմանող ռասիստական հայտարարություններն ու գործողությունները միայն մեծացնում են Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվությունը հայերի դեմ ջարդերի և էթնիկ զտումների, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, և դրա հետևանքների` ներառյալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ տարածքների օկուպացման համար», հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: