ՀԱԿ. ՀՀԿ-ն խաբեց` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին դեմ քվեարկելով

ՀԱԿ. ՀՀԿ-ն խաբեց` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին դեմ քվեարկելով

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրել է խմբակցության հայտարարությունը` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծի չընդունվելու մասին:

«2008 մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչև չեն պատժվել մարդասպանները և նրանց հրաման տված պաշտոնյաները: Մարտի 1-ի հանցագործությունը ջրբաժան է ստեղծել ժողովրդի և պետական իշխանության միջև: Որևէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել և վայելել ժողովրդի վստահությունը, եթե մինչև վերջ պարզված չլինեն սպանությունների հանգամանքներն ու պատժված չլինեն հանցագործները: Այդ է պատճառը, թե ինչու Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն հետապնդում է մարտի 1-ի բացահայտման դատը:

Իրավապահ մարմինների ապօրինություններն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու՝ Կոնգրեսի օրինագիծը ստացավ հանրության և խորհրդարանում ներկայացված ուժերի լայն աջակցությունը: Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը ստանձնելու հետևանքները, ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք տվեց, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները և հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո, նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: Հայ Ազգային Կոնգրեսը ղեկավարվելով ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտության գիտակցումով, ինչպես նաև ընդդիմախոսների դիրքորոշումը որևէ տրամաբանական հիմնավորումից զրկելու նպատակով, համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին:

Մայիսի 20-ին երկարատև բանակցություններից հետո ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները, առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից և օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործության և նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը:

Ըստ էության, Հայ Ազգային Կոնգրեսը, ելնելով հանրության շահերից և ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը, առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ: Վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող, անհուսալի մի քաղաքական ուժի հետ: Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը, ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ամբողջ հանրությանը, որի առջև պարտավորվել էր նպաստել մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը: ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է: Այսուհետև զարմանալի չէ, որ անգամ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ձեռք է բերել անհուսալի գործընկերոջ համբավ», - նշված է հայտարարության մեջ:

Երեկ ԱԺ-ում քվեարկության է դրվել 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագիծը չի ընդունվել` 48 պատգամավոր կողմ է քվեարկել, 58-ը՝ դեմ և 2-ը՝ ձեռնպահ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---