10 հունվարի 2006 - 18:42 AMT
Վ.Օսկանյան.Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկը
«Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնութ֊յունների շարքում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը»,-այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը մեծապես նպաստել է 2005թ. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Տարվա անցկացումը, որի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք բարձր մակարդակի այցելություններ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, ռազմաքաղաքական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման, ԼՂ հարցի կարգավորման, տարածաշրջանի զարգացման եւ կայունության պահպանման հետ կապված եւ այլ բազմաբնույթ հարցեր: Շարունակվել են երկու երկրների միջ- քաղաքական խորհրդակցությունները եւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում: Վ.Օսկանյանը մասնավորապես նշելէ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը, որի օրակարգում էին արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, բանկային համակարգի, առեւտրի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցերը, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների լիարժեք շահագործման հնարավորությունները: Կողմերը նաեւ քննարկեցին Կովկաս-Փոթի լաստանավային հաղորդակցության կանոնավոր աշխատանքի ուղիները:

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ զարգացել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը, օգոստոսին տեղի է ունեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը: Ըստ Վ.Օսկանյանի, շարունակական բնույթ են ունեցել երկու երկրների միջխորհրդարանական կապերը: Մայիսին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական` 9-րդ նիստը: Օրենսդիրները ակտիվ համագոր֊ծակ֊ցել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԽԽՎ, ԱՊՀ ԽՎ եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Բացի այդ, շարունակել է զարգանալ համագործակցությունը նաեւ կրթության ոլորտում: ՌԴ բուհերում շուրջ 100 տեղեր են հատկացված եղել ՀՀ քաղաքացիների անվճար ուսուցման համար: Այս ոլորտում համագործակցությանը նպաստել է նաեւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գործունեությունը:

2005թ. ընթացքում զգալիորեն ակտիվացան կապերը ՀՀ մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ: Կայացան ՌԴ Սվերդլովսկի, Պերմի, Սամարայի, Ռոստովի, եւ Պենզայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի ղեկավարների այցերը Հայաստան, որոնց շրջանակներում ստորագրվել են համագործակցության արձանագրություններ: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսատանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերներից մեկը. 2005թ. տասնմեկ ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 300 մլն ԱՄՆ դոլար: «Տարվա վերջին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընթացել են բանակցություններ գազի սակագնի վերաբերյալ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ հուսով ենք, որ կկարողանանք համաձայնության գալ փոխադարձ մի այնպիսի ընդունելի տարբերակի շուրջ, որը լուրջ ազդեցություն չի ունենա Հայաստանի ազգաբնակչության կենսամակարդի եւ տնտեսական աճի տեմպերի վրա»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: