10 հունվարի 2006 - 19:42 AMT
2005 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ էական տեղաշարժ չի գրանցվել
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անցյալ տարի որեւէ էական տեղաշարժ չգրանցվեց: Այդ մասին այսօր հայտարարել է Վարդան Օսկանյանը 2005 թ. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, նման իրավիճակ է ստեղծվել գլխավորապես Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականության պատճառով: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Թուրքիան շարունակում է պայմանավորել մշտապես առաջ քաշվող նախապայմաններով` հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, ԼՂ հիմնահարցի կարգավորում եւ այլն, մինչդեռ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: «Հայաստանը միշտ իր պատրաստակամությունն է հայտնել բանակցել երկու երկրների միջեւ առկա խնդիրների ու տարաձայնությունների շուրջ, գտնել դրանց լուծման ուղիները, այլ ոչ թե դրանք դարձնել նախապայմաններ կամ խոչընդոտներ»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: Մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի հետ շարունակում է արգելակել Հայաստանի լիիրավ ներգրավվածությունը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում: Ըստ Վ.Օսկանյանի, Հայոց ցեղասպանության 90-ամյակը լայն քննարկումներ առաջ բերեց Թուրքիայում ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական հարթություններում: 2005թ. ապրիլին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում այդ հարցով հատուկ լսումներ անցկացվեցին, որի արդյունքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով նամակ ուղարկեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Էրդողանի նամակը թուրքական կողմի նախորդ փորձերից տարբերվում էր միայն նրանով, որ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկն առաջին անգամ էր ներկայացվում գրավոր եւ նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի պատասխան նամակով վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց միջկառավարական մակարդակով, երկու երկրների միջ- նորմալ հարաբերություններ հաստատելուց հետո: 2005թ. թուրքական կողմի նախաձեռնությամբ մայիսին եւ հուլիսին Վիեննայում տեղի ունեցան ՀՀ եւ ԹՀ ԱԳՆ փոխարտգործնախարարների երկու հանդիպումներ, որոնք նպատակ ունեին նշյալ նամակների փոխանակումից հետո ճշտել միմյանց դիրքորոշումները: