22 մայիսի 2013 - 15:59 AMT
Առաջարկ. Վարորդներին խախտումների մասին պետք է տեղյակ պահել sms-ների միջոցով

Տեղյակ պահել խախտում կատարած վարորդներին, որոնք սովորաբար տուգանքի մասին տեղյակ չեն լինում, կարելի է sms- հաղորդագրությունների միջոցով: Բարձրաձայնելով օրենսդրական բացը՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Խախտման ծանուցագիրն ուղարկվում է գրանցման հասցեին, որտեղ, հնարավոր է, այդ մարդը չի ապրում. այսպիսով՝ նա չի իմանում, որ ակտ է ստացել»,– ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարորդները խախտման մասին ուշ են տեղեկացվում:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե վարորդին տուգանեն խախտումը կատարելոց քիչ անց, հաջորդ անգամ այդ խախտումը չի կրկնվի: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն իր հերթին նշեց, որ վարորդները հաճախ տեղյակ չեն լինում գրանցման հասցեին ուղարկված տուգանքներից ու չեն վճարում այն, ինչի հետևանքով հետագայում վճարում են և տուգանքը, և տույժը։

Անդրադառնալով օրենսդրական այլ բացերին, Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ պատահում է, որ որոշ փողոցներում թե վարորդի, թե հետիոտնի համար կանաչ լույս է վառում։

«Հուսով ենք, որ այս լուրջ խնդիրը շուտով կվերացվի։ Բայց հարց է առաջանում՝ եթե վերացնեն, խցանումներ կլինեն։ Ասում են, որ պետք է վերգետնյա անցում լինի»,– նշեց նա։

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի այն թերացմանը, որ քաղաքացին հաճախ չի իմանում իր ներմուծած մեքենայի մաքսային արժեքը.

«Մեքենայի ներմուծման գինն իմանալու համար մարդ պետք է հասնի Նորագավիթ, որտեղ մի պատահական թիվ են ասում։ Պետք է, որ ինֆորմացիան ամբողջությամբ լինի պետ.եկամուտների կոմիտեի կայքում»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենք արդեն դիմել են Գագիկ Խաչատրյանին այդ խնդրին լուծում տալու համար: