11 հունվարի 2006 - 15:57 AMT
Ա.Դեմոյան. Ռամիլ Սաֆարովը խայտառակեց սեփական երկիրը ողջ աշխարհով մեկ` լրջորեն եւ երկար ժամանակով
Ռամիլ Սաֆարովը խայտառակեց սեփական երկիրը ողջ աշխարհով մեկ` լրջորեն եւ երկար ժամանակով: Այդ մասին հայտարարեց Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը` մեկնաբանելով Արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովի հայտարարությունն այն մասին, թե «Ռամիլ Սաֆարովի գործողությունները լուրջ վնաս են հասցրել Ադրբեջանին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ըստ Հ.Դեմոյանի, շուտով պարզ կդառնա, թե ինչ գին վճարեց եւ դեռեւս կվճարի Ադրբեջանը Սաֆարովի հանցանքի համար: Միայն դրա համար նրան արժեր դատապարտել ցմահ բանտարկության Ադրբեջանում: Չէ որ Եվրոպայի կենտրոնում կատարված սպանության միայն իրագործման միջոցը եւ հանգամանքները խայտառակություն են ցանկացած բանակի եւ պետության համար: Ընդ որում, շուրջ 10 տարի թուրքական ռազմական ուսումնարաններում ուսանած Սաֆարովը խայտառակեց նաեւ թուրք մեհմետչիներին` հստակ ցույց տալով, թե հատկապես ինչ են ուսուցանում Թուրքիայում: Ահա նրա խոսքերը. «Սպանել մարդկանց տարբեր տիպի գործիքներով ինձ սովորեցրել են Թուրքիայում»,-նշել է Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքերով, դատաբժշկական փորձագետներին տված իր ցուցմունքներում Սաֆարովը խոսում է նաեւ Թուրքիայի կողմից օկուպացիայի ենթարկած Հյուսիսային Կիպրոսի տարածքում անցած 45-օրյա հատուկ նախապատրաստման մասին: «Հարց է ծագում, ի՞նչ գործ ունեն ադրբեջանական բանակի զինծառայողները ինքնիշխան պետության տարածքում, որն այժմ արդեն ԵՄ անդամ է: Ստացվում է, որ ադրբեջանական զինծառայողները իսկական ագրեսիայի են մասնակցում Ադրբեջանի սահամններից դուրս: Եվ այդքանից հետո Ադրբեջանը հնարավորություն բաց չի թողնում Հայաստանին ագրեսիայի եւ զավթողականության մեջ մեղադրելու համար: Պատմությունը ասյտեղ էլ է կրկնվում: Ինքնահռչակ եւ միայն Թուրքիայի կողմից ճանաչված այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում», որտեղ չեն գործում միջազգային իրավունքի նորմերը եւ ընդունված պայմանավորվածությունները, թուրքական բանակը եւ հատուկ ծառայությունները գաղտնի ռազմակայաններ ունեն, որտեղ ահաբեկչական եւ դիվերսիոն խմբեր են պատրաստում` հետագայում դրանք Թուրքիայի սահամններում եւ դրանից դուրս կիրառելու համար: Հիշենք բրիտանական եւ թուրք վարձկաններին, որոնք ղարաբաղյան պատերազմի ժամանակ հենց այդ բազաներում էին մարզվում, եւ որոնց մասին գրել են անգլիական եւ ֆրանսիական հրատարակությունները: Կամ թեկուզ ողջ աշխարհը ցնցած Բեսլանի ջարդը, որի հեղինակ ահաբեկիչները եւս որոշ ժամանակ նախապատրաստվել էին Հյուսիսային Կիպրոսի թուրքական բազաներում»,-հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

«Կրկին վերադառնալով Բուդապեշտի սպանության բնույթին եւ Սաֆարովի խոսքերին, հարկ է նշել նաեւ թուրք զինծառայողների շրջանում մինչ այժմ գոյություն ունեցող բարբարոսական ավանդույթը, ըստ որի զոհերը գլխատվում են: Հիշենք թեկուզ 1996 թ. սկզբին European weekly հանդեսում հրապարակված այն սկանդալային լուսանկարները, որտեղ թուրք զինվոր-կոմանդոսները դիրք են գրավել լուսախցիկի առջեւ քրդերի գլխատված գլուխները ձեռքներին: Ըստ ամենայնի, հենց նրանք ենք սովորեցրել Սաֆարովին իրենց ավանդույթներին` կիրառել այն ամենը, ինչ կա ձեռքի տակ, որից հետո էլ գլխատել զոհին: Չէ որ Թուրքիայում ուսուցանվող ադրբեջանցի զինվորկանները իրենց «մարտական մկրտությունը» անցնում են Արեւելյան Անատոլիայի քրդաբնակ շրջաններում: Միայն կռահել կարելի է, թե սովորեցնո՞ւմ են թուրք զինվորականները սպանել անզեն քնած մարդկանց կեսգիշերին»,-ավելացրել է Հայկ Դեմոյանը: