Վարչապետը խոստացավ՝ կարկուտից տուժած գյուղացիները կազատվեն հողահարկից, իսկ վարկերը կսառեցվեն

Վարչապետը խոստացավ՝ կարկուտից տուժած գյուղացիները կազատվեն հողահարկից, իսկ վարկերը կսառեցվեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացմանն ուղղված կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ արդեն իսկ վարչապետի հանձնարարականով հանդիպել էին գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը:

Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ` բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:

Օգտվելով առիթից՝ գյուղացիները վարչապետին տեղեկացրել են, որ հողի հարկի վճարման հարցում դժվարություններ ունեն: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից: Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մի շարք համայնքների ղեկավարների խնդրանքը, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շտապ կարգով վերջիններին ապահովել անհրաժեշտ սերմերով՝ ըստ պահանջարկի: Ներկաները նաև տեղեկացրել են, որ ունեն մեծ քանակությամբ ջրի պարտք, ինչը չեն կարողանալու մարել, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Հանդիպման ավարտին վարչապետը հայտարարել է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով լինելու է գյուղացու կողքին: Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:

Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.

1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։

2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։

3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմնացու, պարարտանյութ և դիզվառելիք։

4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:

5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։

6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:

7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---