12 հունվարի 2006 - 13:46 AMT
Բաքու. Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության հարցը բանակցությունների վերջին հարցերից մեկն է
Խաղաղապահ ուժերի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր կնքելուց հետո միայն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն հիմնականում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանում»: «Հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի ժամանումը բանակցային գործընթացի վերջին հարցերից մեկն է: Այսինքն, սկզբից պետք է համաձայնեցվեն կարգավորման հիմնական սկզբունքները, իսկ հետո, որպես հարցի մի մաս կամ տեխնիկական կողմ, նման համաձայնագիրը ամրագրելու նպատակով հնարավոր է այդպիսի ուժերի կիրառում»,-ասել է Ն.Մամեդովը` նշելով, որ խաղաղապահ ուժերի հիմնական մասը պետք է տեղակայվի երկու երկրների սահմանում: «Միեւնույն ժամանակ, հնարավոր բախումները կանխելու նպատակով, չի բացառվում նաեւ ուժերի տեղակայում այն բնակավայրերի միջեւ, որտեղ բնակվում են Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները»,-նշել է Ն.Մամեդովը: