12 հունվարի 2006 - 15:07 AMT
Թուրան Մորալի. Հարկ եղած դեպքում Թուրքիան կարող է խաղաղապահներ ուղարկել Ղարաբաղ
«Հարկ եղած դեպքում, ղեկավարվելով միջազգային խաղաղապահ ուժերի մանդատով, կարող է իր խաղաղապահ ուժերը գործուղել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Բաքվում լրագրողներին հաղորդեց Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Ըստ Թ.Մորալիի, դեռեւս հայտնի չէ, թե որ միջազգային կազմակերպության մանդատով են մասնակցելու այդ ուժերը, եւ ակնհայտ է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ զգալի ժամանակ կխլեն: Դեսպանը նաեւ տեղեկացրել է լրագրողներին Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերի Ադրբեջան կատարելիք այցի մասին: Թուրան Մորալին անդրադարձել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի թեմային: Նրա խոսքերով, թուրքական հատվածի կառուցումը ձգձգվում է, սակայն ոչ մի տուգանք շինարարությունը կատարող ընկերության հանդեպ չի կիրառվի: Ըստ Թուրքիայի դեսպանի, ԲԹՋ նավթատարի թուրքական հատվածի պաշտոնական բացումը տեղի կունենա 2006 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: