23 մայիսի 2013 - 16:29 AMT
Վերահսկիչ պալատն անարդյունավետ է համարում բիոզուգարանների օգտագործումը

Երկու բիոզուգարանների տեղադրման և սպասարկման ծախսերը, որ հասնում են 100 մլն դրամի, անարդյունավետ են: Մայիսի 23-ին Վերահսկիչ պալատի այս եզրակացությունն է ներկայացրել կառավարությունում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա ասել է, որ բիոզուգարաններից մեկը, որը տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում, գործում է, իսկ Տաթևում տեղադրվածը տեխնիկական անսարքության պատճառով չի շահագործվում: Նախարարը հավելել է, որ անսարքությունը շտկելու համար լրացուցիչ գումար է հարկավոր, ինչով և զբաղվում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը: Նա նշել է, որ այս խնդրի կարգավորման հարցը չի մտնում նախարարության իրավասության մեջ:

Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ծրագիրը պետք է իրականացվեր ինքնածախսատարության հիմունքով, բիոզուգարանների հարակից տարածքում պետք է տեղադրվեին բանկոմատներ և գովազդային վահանակներ, ինչը եկամուտի աղբյուր կդառնար: