Ա․Մովսիսյան. Իրանի գազի վաճառքի գինը բարձր է, նպատակահարմար է այն գնել Ռուսաստանից

Ա․Մովսիսյան. Իրանի գազի վաճառքի գինը բարձր է, նպատակահարմար է այն գնել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձել է գազի ներկրման գնի ձևավորմանը՝ զուգահեռներ անցկացնելով միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ և տեղեկացնելով, որ գազի գինը ամբողջ աշխարհում թանկացման միտում ունի, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նա զեկուցել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձառքբերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը: Բանակցությունները դեռ շարունակվում են մեր պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30 տոկոս փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի և նրանց համար գազի գինը կմնա նույնը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը փորձում է խնդիրը լուծել այնպես, որ պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ չառաջանա:

Նախարարը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամաչափ ունի այլընտրանքային դառնալու համար: Նա տեղեկացրել է, որ այդ գազատարը բավարարում է երկրի գազասպառման պահանջները, բայց ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյաննիր հերթին տեղեկացրել է, որ ՀայՌուսգազարդը հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչև 10 հազ. խորանարդ մետր ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խ.մ. գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Սակայն քննարկումների արդյունքում, հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը և սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, ինչպես նաև ՀայՌուսգազարդի ներկայացրած կապիտալ ներդրումների և այլ ծախսերի հետ կապված հաշվարկների իջեցումը հանձնաժողովի կողմից, որոշվել է մինչև 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը: Նազարյանը տեղեկացրել է, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---