Ա.Մարգարյան. Ռուսական գազի գինը մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա

PanARMENIAN.Net - Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 1-ը չի բարձրանալու: Ըստ նախնական պայմանավորվածության, ապրիլի 1-ից սակագինը կհասնի 110 դոլարի` հազար խորանարդ մետրի դիմաց: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` նշելով, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ, քանի դեռ հունվարի վերջին չեն հանդիպել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուիտնը: Ա.Մարգարյանը վստահեցրեց, որ սակագնի բարձրացումն ամբողջովին սովորական սպառողի հաշվին չի լինելու: «Կառավարությունը միջոցներ կփորձի գտնել` եթե ոչ լրիվ փոխհատուցելու, ապա գոնե մեղմելու, որպեսզի ցնցումներ չլինեն: Մի բանում համոզված եմ, էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնելու համար միջոցներ կգտնենք, իսկ գազինը կախված կլինի այն գնից, որի շուրջ համաձայնության կգան կողմերը»,-հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը հերքել է Ռուսաստանից վարկ վերցնելու հնարավորությունը, որը առիթ կստեղծեր մի նոր «Գույք պարտքի դիմաց»-֊ի համար: «Մենք Ռուսաստանից վարկ չենք վերցնի: Ուկրաինային առեւտրային վարկ են ուզում տալ: Մենք այդ ցանկությունը չունենք: Եթե ուզենք, կարող ենք շատ ավելի արտոնյալ պայմաններով արեւմուտքից կամ համաշխարհային կազմակերպություններից ստանալ այդ վարկը»,-հայտարարել է Ա.Մարգարյանը: Գազի սակագնի բարձրացման խոսակցությունների արդյունքում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի կամ քաղաքականությունը ռազմավարական գործընկերոջ հանդեպ փոխելու մասին վաչապետը չկամեցավ խոսել: «Չեմ ուզում այս խնդիրը քաղաքականացնել, վերջնական դիրքորոշումները եւ հստակեցումները կլինեն պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո»,-հայտարարել է Ա.Մարգարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---