24 մայիսի 2013 - 14:46 AMT
Աղետի գոտին կարող է իդեալական տեղ հանդիսանալ արևային էներգիայի արտադրության համար

Գազի պաշարների կրճատման հետ մեկտեղ մարդկությունը կբախվի երրորդ համաշխարհային պատերազմի հետ, գտնում է պրոֆեսոր Վահագն Համազասպյանը: Ուստի, նրա խոսքով, Հայաստանը պետք է զարգացնի արեգակնային էներգետիկան: Պրոֆեսորը Հայաստանում հելիոկայանների ստեղծման հիմնադիրներից է:

«Դա Աստծո պարգև է, որ Հայաստանը կարող է օգտագործել արևային էներգիան գազի փոխարեն»,-ասել է նա:

Իր հերթին տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը հավելել է, որ Հայաստանն իր առկա ներուժով արդեն վաղուց կարող էր առաջատար դառնալ ԱՊՀ երկրներում արևային էներգիայի արտադրության ու սպառման ոլորտում: Գիտնականները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ստեղծված իրավիճակում, երբ երկիրը կախված է էներգակիրներից, հիմնել գերակա ուղղություն՝ հելիոֆիկացիա: Մասնավորապես, Մնացականյանն առաջարկել է աղետի գոտում հելիոկայաններ ստեղծել: Նա հայտնել է, որ իրենք արդեն մշակել են շատ մատչելի, շահագործման համար հեշտ անհատական հելիոկայաններ:

«Մենք մտադիր ենք կազմակերպել նման կայանների համազգային արտադրություն»,-հավելել է նա:

Առաջին փուլում գիտնականները մտադիր են հելիոկայաններն օգտագործել գյուղատնտեսության ոլորոտում, կրճատելու համար գյուղացիների ծախսերը: