Անդրանիկ Շխյան. «Զվարթնոցի» հին շենքն, ըստ ավիաոլորտի մասնագետների, խոչընդոտում է օդանավակայանի զարգացմանը

Անդրանիկ Շխյան. «Զվարթնոցի» հին շենքն, ըստ ավիաոլորտի մասնագետների, խոչընդոտում է օդանավակայանի զարգացմանը

PanARMENIAN.Net - «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն չի ցանկանում, որ իրենց կառավարման ներքո գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվի: Մայիսի 24-ին նման հայտարարությամբ է հանդես եկել գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը: «Մենք չենք ցանկանում քանդել այդ շենքը, դա մեր սեփականությունը չէ: Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականություն են»,-ասել է նա:

Միաժամանակ Անդրանիկ Շխյանը նշեց, որ որպես ավիաոլորտի մասնագետներ, նրանք առաջարկում են զարգացնել օդանավակայանի ենթակառուցվածքները: «Եթե մենք ցանկանում ենք, որ առաջիկա 5-10 տարիներին Հայաստանն ավելի շատ ուղևորներ ընդունի, ապա պետք է հաշվի առնենք, որ հին տերմինալի շենքը գտնվում է հենց օդանավակայանի զարգացման ճանապարհին»,-պարզաբանել է նա:

Անդրանիկ Շխյանը հիշեցրել է, որ քաղաքապետարանը օդանավակայանի հայտին ի պատասխան նշել է, որ հին շենքը քանդելը աննպատակահարմար է համարվում:

Նա հավելել է, որ օդանավակայանի զարգացման շրջանակներում օդանավակայանի կառավարիչն առաջարկել է երկաթուղի կառուցել:

Երկաթուղին, որը թույլ կտա կարճ ժամանակում հասնել «Զվարթնոց» օդանավակայան, կկառուցվի առաջիկա երեք տարում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը: «Այդ երկաթուղու շինարարության գլխավոր նպատակն է ավտոմայրուղիների թեթևացումը և «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիայից օգտվողներին տեղափոխության հստակ ժամանակացույցով ապահովելը»,- նշել է նա: Նրա խոսքով, արդեն ընտրվել է ճանապարհ, որը սկսվում է «Չարբախ» կայարանից և տանում է «Զվարթնոց» օդանավակայան, իսկ նախագծի նախնական արժեքը կազմում է 2,7 մլն դոլար: «Կարծում եմ, որ նախագիծը կրում է երկարաժամկետ բնույթ և կավարտվի 2-3 տարվա ընթացքում»,- ասել է Սերգեյ Հարությունյանը: Ինչ վերաբերվում է նախագծի մասնակիցներին, ապա, ինչպես հաղորդել է ՀԿԵ գլխավոր ինժեները, այդ հարցը գտնվում է քննարկման փուլում, այնուամենայնիվ, ՀԿԵ-ն շահագրգռված է նրանում:

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց»միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյան,«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում: Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի սեփականատերը դիմել է քաղաքապետարան այն քանդելու թույլտվություն ստանալու համար, սակայն քաղաքաշինական խորհուրդը բացասական պատասխան է տվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյաննասաց, որ «Զվարթնոց»-ի շենքը միութենական մրցանակներ է ստացել և հուշարձան է : Նա նշեց, որ մտավախություն ունի, որ սեփականատերը կարող է շենքի բաղադրամասերը ավելորդ համարել ու ոչնչացնել դրանք:

«Պետք է հարգել շենքերի հեղինակներին և ճարտարապետներին: Պետք է աչքի լույսի պես պահել հուշարձան-շենքերը՝ քանդելը ելք չի: Ոչ ոք քանդելով քաղաք չի կառուցել»,- ասաց ճարտարապետը՝ հավելելով, որ վատ նախադեպ կա ու բոլորին թվում է, որ հուշարձանները կարող են քանդել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---